Ոչ միայն Եգիպտոս ու Դուբայ, այլև աֆրիկյան սաֆարիներ. հայության տուրիստական հորիզոններն ընդլայնվել են

Ոչ միայն Եգիպտոս ու Դուբայ, այլև աֆրիկյան սաֆարիներ. հայության տուրիստական հորիզոններն ընդլայնվել են

Հայերը սիրում են հանգստանալ, վերջին տարիների ֆավորիտ ուղղություններն են Եգիպտոսը, Դուբայը, անփոխարինելի Վրաստանը։ Բայց կարծես թե ժամանակները փոխվել են և մեծ մասը նախընտրում է ոչ միայն հետաքրքիր ու մատչելի, այլև էկզոտիկ ու հեռավոր երկրներ այցելել։ 

Որքանո՞վ են հայության տուրիստական հորիզոններն ընդլայնվել. Այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց շուկայի հիմնական դերակատարներից մեկի հետ, ով իր առանձնահատուկ դերն ունի այդ հորիզոններն ընդլայնելու հարցում: «Vardan Travel» տուրիաստական գործակալության հիմնադիր Վարդան Սարգսյանի հետ ամփոփեցինք տարին ու նայեցինք դեպի ապագա ուղղությունները։

Ինչպիսի՞ն էր 2023 թվականը.

«Տարին կարելի է համարել կայացած։ Այն ավարտվեց աճով՝ ուղևորների քանակն է մեծացել։ Ստանդարտ երկրները, որ հայերը շատ են սիրում՝ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, որը դեռ մնում է ակտուալ եթե հանենք, հայերը սկսել են գնալ էկզոտիկ երկրներ, օրինակ` Աֆրիկայի երկրների խմբերով շրջագայությունները շատ արագ վաճառվում են»,- ասաց Վարդանը։

Ըստ նրա՝ հայ ժողովուրդը այնքան հետաքրքրված է էկզոտիկ երկրներ այցելելով, որ նույնիսկ 8 ամիս առաջ խմբերով և անհատական շրջագայության տեղերը սպառվում են։ Այս տարի իր միջոցով զբոսաշրջիկները մի քանի անգամ գնացել են Բրազիլիա, Աֆրիկայի տարբեր երկրներ, Վիետնամ, Մալազիա, Սինգապուր, իսկ ահա 2024 թվականի համար նախանշված շրջագայությունները մինչև հունիս ամիս արդեն վաճառվել են։ Այս տարի իրենք շեշտը դրել են ասիական երկրների վրա՝ Ճապոնիա, Չինաստան։ 

«Բալի են բավականին շատ գնացել, այս տարի նաև Սինգապուրն էր շատ պահանջված։ Հայերը նաև սկսել են միքսել մի քանի երկիր մի ճամփորդության ժամանակ: Ամենազարմանալի երկիրը, որը երկու անգամ էլ շատ արագ վաճառվեց Հնդկաստանն էր.  Հնդկաստանով շրջագայությունը վաճառվել է 12 րոպեում»,- ասաց նա։

Զարմանալիից զատ, Հնդկաստանը հայտնի է իր, մեղմ ասած, ոչ հիգիենիկ երկիր լինելով: Անդրադառնալով այս փաստին Վարդանը նշեց, որ տուրիստական վայրերը շատ մաքուր են և անգամ շքեղ հյուրանոցներն այնպիսին են, որ Եվրոպայում նույնիսկ չկան այդպիսի շքեղ հյուրանոցներ։ 

Ինչ վերաբերում է ոչ պակաս էկզոտիկ Բրազիլիային, Վարդանն օրինակ բերեց՝ եթե մենակով գնաս Ռիո դե Ժանեյրո, կարելի է ընկնել այնպիսի թաղամաս, որտեղ շատ վտանգավոր է զբոսաշրջիկի համար։ 

«Ընդհանրապես մի տեղ շրջագայություն կազմակերպելուց առաջ ես միայնակ մեկնում եմ, նոր մենք շրջագայությունը կազմակերպում ենք։ Այս տարի առաջին անգամ գնացինք Քենիա, որը շատ երկար ժամանակ Հայաստանի քաղաքացիների համար փակ էր։ Օրինակ՝ Աֆրիկան միայնակ գնալու համար մի փոքր վտանգավոր է կամ պետք է փորձված ճամփորդ լինի։ Քենիայում սաֆարի պարկերն են, Աֆրիկան այսօր տալիս է այդ հնարավորությունը՝ կենդանիներին տեսնել ոչ թե կենդանաբանական այգում, այլ իրական կյանքում։ Պուրակները շատ մեծ են և անգամ կարող են Հայաստանից էլ մեծ լինել։ Ու երբ գնում ես սաֆարի, դու չգիտես ինչ կենդանի կհանդիպի քեզ»,- ասաց նա։

Քենիայի հետ կապված միակ լարվածությունն այն էր, որ հյուրանոցը գտնվում է հենց պուրակում, և գիշերը հյուրանոցի շուրջ վտանգավոր կենդանիներ են շրջում՝ առյուծներ, բորենիներ և այլն, չնայած, որ ամբողջ հյուրանոցի տարածքը հոսանքի լարերով պատսպարված է, և կենդանիները չեն կարող մոտենալ։ Վարդանի խոսքով, անգամ գիշերը լսել են մոտ տարածքում առյուծների և բորենիների կռվի ձայները, որոնք ուղղակի սարսափելի էին։

Հարցին, թե որ երկիր այլևս չէր վերադառնա, Վարդանը նշեց Մադագասկարը, որը շատ երազում էր այցելել, բայց պարզվեց շատ աղքատ երկիր է։ Իսկ ահա ուր անընդհատ կվերադառնա, Վարդանի համար ֆավորիտը Բալի կղզին է.

«Այնտեղ հանգստություն կա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարիաննա Արամյան