Մարդուն ինչո՞ւ եք ԱՊՊԱ չունենալու համար մի քանի անգամ տուգանում
Ես անձամբ հանդիպել եմ մի մարդու, որի մոտ եղել է 700 հազար դրամի տուգանք՝ ԱՊՊԱ և տեխզննում չունենալու համար։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով՝ մի քանի անգամ նույն մարդուն նույն իրավախախտման համար տուգանում են, և ինքը շարունակում է վարել մեքենան։
«Ես հարցրի՝ բա ո՞նց է լինելու, ինձ այդ մարդը պատասխանեց՝ շատ էլ լավ ա լինելու, ոչ էլ մուծելու եմ։ Ու այդ մարդը շարունակում է մեքենա վարել։ Եթե ԱՊՊԱ չունենալը արգելված է, մարդուն տուգանում ենք, ապա ինչո՞ւ ենք նույն բանի համար մի քանի անգամ տուգանում մարդուն»,- նշեց Նազարյանը։
Ի պատասխան՝ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը նշեց, որ իրավախախտումների բազմակիության դեպքում առանձին իրավախախտումների համար կիրառվում են առանձին տույժեր։
«Բայց, վարչական մարմինն ունի այլ մեխանիզմներ՝ այդ գումարը բռնագանձելու։ Եթե երեք ամսում վճարում չի կատարվում, ապա ԴԱՀԿ է ուղարկվում գործը։ Իհարկե, մեխանիզմը երկարում է, բայց որևէ փախուստի տեղ չկա։ Մարդիկ կան, որ ոչինչ չունեն, մեքենա են վարում ու երբեմն դուրս են մնում համակարգից»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ դեպքում էլ բալեր են դուրս գալիս։
Մանրամասները՝ տեսանյութում։