Ո՞վ կփոխարինի Արա Խզմալյանին, Փոխքաղաքապետի շուրջ կատարվածը՝ շոու․ Մամուլը՝ սուրճով

Ո՞վ կփոխարինի Արա Խզմալյանին, Փոխքաղաքապետի շուրջ կատարվածը՝ շոու․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այն բանից հետո, երբ Մատենադարանի տնօրենի ընտրությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը փոխելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին դարձրին Մատենադարանի տնօրեն, այժմ քննարկումներ են գնում, թե ով է նրան փոխարինելու ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նախարարությունում նա համակարգում էր մշակույթի ոլորտը: Ինչպես տեղեկացանք, այս պահին շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, ով 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին երեկ հրավիրել են Քննչական կոմիտե՝ առերեսման։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալ Սուրեն Թորոսյանը առերեսման ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց։ Ավելին՝ վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել։
Իսկ, ահա, տուժող Արմեն Սահակյանը պնդել է նախկինում իր տված ցուցմունքը եւ հայտնել է, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազ է փչել իր դեմքին, որից հետո փայտով հարվածներ է հասցրել։

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրեց տուժող Արման Սահակյանի փաստաբան Արսեն Բաբայանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Այս գործով քաղաքական իշխանության մասնակցությունն ակնհայտ տեսանելի է։ Սուրեն Թորոսյանին մեղսագրված հանցանքն ակնհայտորեն չի համապատասխանում կատարած արարքին, մեղսագրվել է էականորեն ավելի մեղմ հանցագործություն, քան իրականում կատարել է։
Հատկանշական է, որ քննիչը հենց այսօր, երբ ես ներգրավվեցի վարույթին եւ բարձրացրի այդպիսի հարցեր, քննիչն անմիջապես հայտարարեց նախաքննության ավարտ։
Այսինքն՝ ընդամենը հունիսի 7-ին կատարված դեպքի նախաքննությունն ավարտվում է հուլիսի 18-ին՝ ընդամենը 40 օր հետո»։

Դատելով իրավիճակից՝ իրավապահները ամեն կերպ փորձում են ՔՊ-ական Թորոսյանին ազատազրկման չտանել եւ պատժել ընդամենը տուգանք նշանակելով։

Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում՝ Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել է տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Դեպքից անցել է մեկ ամիս, ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է սպասվում այս գործով ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին։

Նա նաեւ արցախցի անչափահասին էր իջեցրել ավտոմեքենայից, թողել ամայի փողոցի վրա, եւ այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին եւ ավելին՝ անպատիժ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարվածը ընդամենը շոու էր։ Ինչպես հայտնի է, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Գեւորգ Սիմոնյանը կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ակտիվ անցել է աշխատանքի Երեւանի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը նորմալ աշխատանքի է հաճախում եւ իր շուրջ ստեղծված իրավիճակը փուչիկ է որակել։ Նշենք, որ Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով դեռ մարտ ամսին կալանավորվել էր նաեւ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը, 10 բուժաշխատողներ ձերբակալվել էին, անգամ ծանուցագիր էր ուղարկվել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, սակայն մինչ օրս այս մասին որեւէ նորություն առկա չէ՝ նախկին նախարարը հարցաքննվեց, թե ոչ:

Այսինքն՝ հայտարարություն եղավ, թե չարաշահումներ են եղել, մարդիկ կալանավորվեցին, սակայն մինչեւ օրս վերջնական բացահայտում դեռ չկա:

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախորդ ամիս քաղաքական ամենաբարձր ղեկավարությունը մասնակցել է «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանի որդու հարսանիքին:

Հյուրերը նշում են, որ հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական ներկապնակը` ոստիկանապետի եւ մյուս ուժայինների բարձր հովանու ներքո»: