5 համեղ ու օգտակար մթերք, որոնք բարելավում են լյարդի աշխատանքը

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ինտենսիվ վերամշակման ենթարկված ու մեծ քանակությամբ աղ, ճարպ, շաքար, արհեստական գունանյութեր ու պահածոյացնող նյութեր պարունակող մթերքի գործածությունը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և արագացնում է բջջային մակարդակով օրգանիզմի ծերացման գործընթացը։ Նման մթերքի մեջ պարունակվող բազմաթիվ արհեստական նյութերն աղտոտում են օրգանիզմն ու նպաստում են անոթներում ու հյուսվածքներում անցանկալի նստվածքների կուտակումը։ Սա մեծացնում է լյարդի ծանրաբեռնվածությունը, քանի որ այն ստիպված է լինում աշխատել շատ ավելի ինտենսիվ գերմշակված այդ մթերքի մեջ պարունակվող բոլոր արհեստական նյութերը տարրալուծելու համար։ Նման դեպքերում օրգանիզմի մաքրության համար պատասխանատու այս կարևորագույն օրգանը հավելյալ օգնության կարիք է ունենում, քանի որ շատ հաճախ ինքնուրույն չի կարողանում լիովին մաքրել օրգանիզմը։
Լյարդի մաքրողական գործառույթները խթանելու համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս խուսափել օրգանիզմի ջրազրկումից, սահմանափակել շաքարի ու վերամշակում անցած մթերքի գործածությունը, լինել ֆիզիկապես ակտիվ ու օգտագործել բնական օգտակար մթերք։ Միևնույն ժամանակ կարելի է նաև հագեցնել սննդակարգ սննդամթերքի որոշակի տեսակներով, որոնք օգնում են բարելավել օրգանիզմի դետոքսիկացիան իրականացնող համակարգի աշխատանքն ու այդ կերպ նպաստում են նաև ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը։
Մասնագետները ներկայացրել են վեց տարածված ու հասանելի մթերք, որոնց գործածությունը դրական ազդեցություն կունենա լյարդի մարքողական գործառույթների վրա։ Փորձագետների խոսքով՝ սննդամթերքի այս տեսակները մեծ քանակությամբ ջրի հետ համադրելու դեպքում կարելի է նաև զգալիորեն բարելավել մաշկի վիճակը՝ երիտասարդացնելով ու թարմացնելով այն։
Կաղամբ
Կաղամբը լյարդը տոքսիններից մաքրող լավագույն բնական միջոցներից մեկն է։ Այն հարուստ է C և K վիտամիններով, ինչպես նաև գլյուկոզինոլատներով ու ծծմբի միացություններով, որոնք արդյունավետ կերպով պայքարում են չարորակ բջիջների կուտակման դեմ։ Բացի այդ, այս մթերքը նաև լուծողական ազդեցություն է ունենում ու խթանում է տոքսինների դուրսբերման գործընթացը։
Քրքում
Քրքումը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, իսկ այդ տարրերն օժտված են հակաօքսիդանտային հատկություններով և պայքարում են ազատ ռադիկալների ու այլ անցանկալի տարրերի դեմ։ Բացի այդ, այս օգտակար ու համեղ համեմունքը նաև երիտասարդացնող ազդեցություն է ունենում մաշկի վրա։ Ամեն օր քրքումով գոլ կաթի գործածությունն օգնում է պահպանել օրգանիզմի մաքրությունն ու բոլոր կարևոր համակարգերի ճիշտ աշխատանքը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։
Ճակնդեղ
Ճակնդեղը խթանում է լյարդից ու միզապարկից լեղու և վնասակար տոքսինների դուրսբերման գործընթացը, ինչը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար։ Այս մթերքն ունի շատ ցածր կալորիականություն, սակայն միևնույն ժամանակ հարուստ է երկաթով, ֆոլաթթվով, բետա-կարոտինով, ինչպես նաև մեծ քանակությամբ С և Е վիտամիններով։ Նման օգտակար բաղադրության շնորհիվ ճակնդեղի գործածությունը զգալիորեն բարելավում է օրգանիզմի մաքրման ու մաշկի բջիջների ռեգեներացիայի գործընթացները։
Կիտրոն
Այս տարածված ցիտրուսային միրգը վիտամին С-ի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրը հզոր հակաօքսիդանտ է, որը պայքարում է բջիջները վնասող, ծերացման գործընթացներն արագացնող ու տարատեսակ հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրացնող ազատ ռադիկալների դեմ։ Շատերը խուսափում են կիտրոնից՝ ենթադրելով, որ այն թթվային ազդեցություն է ունենում, մինչդեռ իրականում այս միրգ հիմնային ազդեցություն է ունենում, պահպանում է pH բալանսն ու ամրապնդում է իմունային համակարգը։
Սխտոր
Սխտորը խթանում է դետոքսիկացիայի գործընթացները՝ օրգանիզմի վրա ունենալու հակաբակտերիալ ու հակավիրուսային ազդեցություն։ Այս մթերքը պարունակում է ալիցին, որն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ ու նպաստում է լեյկոցիտների արտադրությանը։