Արթուր Չախոյանի եւ թաղապետի միջեւ բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը. «Ժողովուրդ»

 Արթուր Չախոյանի եւ թաղապետի միջեւ բախմանը կհաջորդի համայնքի օրվա տոնակատարությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո՝ սեպտեմբերին պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը։
Միջոցառման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն դրամ։

«Նոր Նորքի հիմնադրման օրը Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում (օրն ու ժամը համաձայնեցնել Պատվիրատուի հետ)»։ Միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել Երեւանի Գայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակային տարածքում։ Պաշտոնական բացման արարողությունը պետք է մեկնարկի վերոնշյալ օրը` ժամը 19:00-22:00։

Միջոցառման երգացանկի ժանրերն են՝ ռոք, ջազ, ռեգգի, փոփ, քաղաքային ֆոլկլոր եւ հեղինակային կատարումներ: Խմբի կատարումները պետք է լինեն ուրախ եւ ակտիվ՝ բարձր տրամադրություն ապահովող: Յութուբյան դիտումները պետք է լինեն նվազագույնը 1000000: Երեկոյան համերգի համար Կատարողը պարտավոր է ապահովել նաեւ հայտնի եւ սիրված 5 ՀՀ էստրադային եւ ժողովրդական ճանաչված երգիչ-երգչուհիների ներկայություն՝ յուրաքանչյուրը 3-ական կատարմամբ: Մեկ ճանաչված պարային համույթ, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենա 20:00 մինչեւ 21:30:

Երգիչ-երգչուհիների ընտրությունը, բենդի ընտրությունը նախապես պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ:

Հարկ է նշել եւ հիշեցնել, թե ինչպես պայթեց Նոր Նորքի թաղապետարանի սկանդալը։

Արդեն երեք տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող, կոռուպցիոն գործարքների մասին ահազանգող Արթուր Չախոյանի ու Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջեւ կռիվ էր ընկել ակտիվիստի վերջին բացահայտումից հետո: Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Մասիվի մանկապարտեզի թերություններն էին ուղիղ եթերով ցույց տալիս. պատի քարերը, ներկը, ասֆալտը հեշտությամբ պոկվում ու մնում էին նրանց ափերի մեջ: Մանկապարտեզն էլ նորոգել էր «Լիլիան Արմ» ընկերությունը, որը, ըստ ակտիվիստի, իշխանության ներկայացուցչին է պատկանում:

Այցից հետո Չախոյանը զանգ էր ստացել հենց Նոր Նորքի թաղապետից: Ակտիվիստը պնդել էր՝ Տեր-Մարգարյանը հայհոյել էր իրեն, ինչից հետո հայհոյանքները փոխադարձ էին դարձել:

Հաջորդ օրն էլ Չախոյանն ու Մանուկյանը թաղապետարանի շենքի ներսում բողոքի ակցիա էին արել՝ Տեր-Մարգարյանի նկարի վրա յոգուրտ էին լցրել ու պնդել՝ թաղապետի բառապաշարին համարժեք ակցիա են անում: Հաջորդ օրը, երբ Չախոյանը ցանկանում էր մասնակցել Նոր Նորքի թաղապետարանում հանրային լսմանը, անձամբ թաղապետի կողմից դաժան ծեծի ենթարկվեց տեսախցիկների առջեւ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: