Եթե բանակցություններ չկան, դա պարտադրանք է. Սերժ Սարգսյանը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Վերջին ամիսներին տարածում են, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ։ Կներեք, բայց դա ուղղակի աբսուրդ է։ Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին նա համարում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, Սարգսյանը նշել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարչին անվանել է խելապակաս, պատուհաս, արդյո՞ք դուք համարում եք, որ նրանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միանման են: Իհարկե՝ ոչ։ Եթե մենք այդ կանխավարկածով առաջնորդվենք, ապա նշանակում է, որ Լևոն Տեր- Պետրոսյանի նախագահության ժամանակ Հայաստանը դեմ էր, բայց Ղարաբաղը մենակ կռվեց ու հաղթե՞ց»:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա բանակցություններին, Սերժ Սարգսյանը նշել է, թե բանակցությունները ցանկացած հակամարտության դեպքում անհրաժեշտություն են, եթե ցանկություն կա այն լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, այլ պարտադրանք է.
«Ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն են»,- ընդգծել է նախկին նախագահը։