Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կհանդիպե՞ն

Փաշինյան-Ալիև հանդիպում այսօր միանշանակ նախատեսված չէ։
Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս պահին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Մյունխենում են՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որն անցկացվելու է փետրվարի 17-19-ը։
Արդյո՞ք վաղը կլինի նման հանդիպում. Խաչատրյանը տեղեկություն չունի։
«Դեռ նման տեղեկություն չունեմ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել Փաշինյան- Ալիև հանդիպումը, որին ներկա էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մինչ այդ Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ ձևաչափով չորս հանդիպում էր կայացել։
Իսկ դեկտեմբերի 7-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը չեղարկվեց. Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը հանդիպմանը համաձայնել էր մեկ պայմանով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս պետք է մասնակցի բանակցություններին.
«Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- հայտարարել էր Ալիևը:
Նարե Գնունի