Ալեն Սիմոնյանի հակառուսական վոյաժները՝ Եվրոպայում

Ալեն Սիմոնյանը, որ երեկ Բրյուսելում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում պրոարևմտյան ելույթ էր ունենում և շնորհակալություն հայտնում Եվրախորհրդին տարբեր բաների համար, իրականում բացահայտ հակառուսական ծիրի մեջ էր գտնվում։ Նրա ելույթը միայն պրոարևմտյան չէր, այլ նաև հակառուսական՝ ինչպես պահանջում է Սիմոնյանի քաղաքական առաջնորդը։
Բայց Հայաստանի ԱԺ նախագահի՝ եվրոպական վոյաժներում հակառուսականությունը միայն պրոարևմտյան ելույթներով չի սահմանափակվել։ Դեռևս 2022 թվականին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգևատրված և Մատվիենկոյին ջերմորեն Երևան հրավիրած Ալեն Սիմոնյանը երեկ Բրյուսելում ջերմ հանդիպում է ունեցել քաղաքական դաշտում հայտնի մեկ այլ տիկնոջ՝ բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։
Իսկ ո՞վ է նա, և ինչո՞վ է Սիմոնյանի այս հանդիպումը տեղավորվում հակառուսականության մեջ։
Բելառուսում ընդդիմադիր գործիչ և 2020 թվականին Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի դեմ պայքարող Սվետլանա Տիխանոսվկայան Բելառուսում նույնն է, ինչ Նավալնին էր՝ Ռուսաստանում կամ Նիկոլը՝ նախկինների Հայաստանում։ Այսինքն՝ արևմտյան լոբինգով ու արևմտյան փողերով աճեցրած ընդդիմադիր գործիչ է, որին չի ընդունում Բելառուսի քաղաքական էլիտան։ Բայց ընդունում է Հայաստանի քաղաքական իշխանության երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահը։
Ի դեպ, մի քանի ամիս առաջ էլ Գրանադայում Նիկոլ Փաշինյանն է զրուցել Տիխանովսկայայի հետ, սակայն այն ժամանակ էլ պաշտոնական հաղորդագրություն այդ մասով չեղավ:
Իսկ ի՞նչ կապ ունի բելառուս գործչի հետ հանդիպումը հակառուսական քաղաքականության հետ։
Պարզ տրամաբանություն է՝ Բելառուսը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու բարեկամ պետությունն է, որի վարած քաղաքականությունը ամբողջովին համահունչ է Ռուսաստանի վարած քաղաքականության հետ, և Բելառուսին դեմ որևէ քայլ անելը ինքնաբերաբար Ռուսաստանին դեմ կարելի է որակել։ Այդ թվում և հենց «բածկայի» դեմ, քանի որ Տիխանովսկայայի քաղաքական ողջ կարիերան կառուցվել է Լուկաշեկոյից հետապնդվելու հենքի վրա, իսկ Լուկաշենկոն և Փաշինյանը, չմոռանանք, ջերմ հարաբերություններ ունեն և ՀԱՊԿ-ում գործընկերներ են:
Ուշագրավ է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի կայքում որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա այն մասին, որ Ալեն Սիմոնյանը հանդիպել է բելառուս ընդդիմադիր գործչի հետ, և այդ մասին մենք իմանում ենք հենց բելառուսական լրատվամիջոցներից և անձամբ Տիխանովսկայայի գրառումից, որ կատարել է X-ի իր միկրոբլոգում․ «Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ես ակնկալում եմ ավելի մեծ համագործակցություն ու գործընկերություն, ինչպես խորհրդարանական, այնպես էլ հասարակական մակարդակով: Ես իմ աջակցությունն եմ հայտնել Հայաստանի Ազգային ժողովի հետ սերտ համագործակցելու ջանքերին»։
Բայց Ալեն Սիմոնյանի հակառուսական և, այս դեպքում, հակաբելառուսական վոյաժներն այսքանով չեն ավարտվել Բրյուսելում։ Նույն բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը նրան վստահեցրել է, որ Հայաստանը քաղաքական ապաստան կտա բելառուսցի Յարոսլավ Նովիկովին, որին կալանավորել են Հայաստանում և պատրաստվում էին արտահանձնել Բելառուսի իշխանություններին՝ վերջիններիս պահանջով։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանը նրան ոչ թե կարտահանձնի, այլ քաղաքական ապաստան կտա՝ դեմ գնալով հայ-բելառուսական բարեկամության և փոխգործակցության տրամաբանությանը։
Եվս մեկ հակառուսական մոտիվ այս ՀՀ-ում պաշտոնական մակարդակով չլուսաբանված հանդիպումից. Տիխանովսկայան Սիմոնյանին շնորհակալություն է հայտնել, որ աշնանը Փաշինյանը չմեկնեց Մինսկ ՀԱՊԿ գագաթնաժողովին: Համոզված ենք, որ Սիմոնյանը նույն դեմքի արտահայտությամբ լռել է այդ պահին, ինչ Փաշինյանը, երբ Ստոլտենբերգը Երևանում ՀՀ ռազմավարական դաշնակցի դեմ հայտարարություններ էր հնչեցնում:
Ալեն Սիմոնյանը Բրյուսելից մեկնել է Ժնև, և հիմա Շվեյցարիայի մայրաքաղաքում է։ Տեսնենք՝ այստեղ ինչ հակառուսական հանդիպումներ ու ելույթներ կունենա։ Թեպետ, նախնական արդեն հայտնի է, որ հանդիպելու է Սահիբա Գաֆարովայի կամ, ինչպես ԱԺ նախագահի մամուլի ծառայությունն է բարեկամաբար ընդգծել, «իր ադրբեջանցի գործընկերոջ հետ»:
Վահե Մակարյան