Մտածումներ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան (Ֆոտոշարք)

Մտածումներ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան (Ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան, Մայր   Աթոռի   Եկեղեցական  Հայեցակարգային   Հարցերի  գրասենյակի   տնօրեն. 

«Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ'աղաղակեն» (Ղուկ. 19;40):

Քարերը խոսում են, մեզ շրջապատող աշխարհն ու բնությունն էլ է խոսում: Երբեմն մի խոնարհված տաճար ենք մտնում և այդ լռության մեջ նույնականանալով հոգևոր միջավայրի հետ լսում ենք շարականների ու մեղեդիների ձայներ. Այսօր տօն է Սուրբ Ծնդդյան…, Առաւօտ լուսոյ…, հնչում է վանականի աղոթքը Զքէն գոհանամք,  Տէր Աստուած մեր…Եվ  մեր առջև վեր է հառնում խոնարհված վանքի փառահեղ տեսքն ու պատմությունը, որ միանում է մեր անցյալի հետ հնարավորություն տալով ներհայեցողության միջոցով շոշափելի դարձնել պատմությունը, մասնակից դառնալ իրադարձություններին: 

Այդպիսին են  զգացումներն ու ապրումները, երբ մոտենում ենք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Զանգակատան շուրջ ամփոփված Կաթողիկոսների շիրիմներին: Մանավանդ ուշ երեկոյան կամ գիշերը, երբ ամենքս տներում ու միաբանական խցերում հանգստանում ենք, այդ շիրմաքարերը  կարծես  դառնում են Տաճարի պահապանները:
Միշտ մտածել եմ՝ ինչու են մեր սիրելի Կաթողիկոսները հուղարկավորվել Մայր Տաճարի Զանգակատան շուրջ, նույնն է նաև Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե վանքերի պարագայում: Գուցե դժվար է ամբողջությամբ պատասխան գտնել. հավանաբար կարոտն էր մեր սուրբ վանքերի զանգերի ղողանջների, որոնք անկրկնելի ապրումներ ու զգացումներ են փոխանցում և իրենց մեղեդայնությամբ  հոգևոր խորը ներդաշնակություն պարգևում  մարդուն:

Հիրավի, Մայր Տաճարի զանգակատան շուրջ հանգչող Կաթողիկոսների շիրիմներն ու տապանաքարերը շարունակում են միաբաններին, հավատացյալներին ու հյուրերին պատմել իրենց ապրած ժամանակների պատմությունը: Դա մեր պատմությունն է, դա մեր գալիք սերնդի պատմությունն է, որը միավորվել է Մայր Տաճարի փառահեղ պատմությանը ու շարունակում է ապրել և  քայլել ամենքիս  հետ:

Երբ պապիկներն իրենց թոռների ձեռքը բռնած, կամ ուսուցիչներն ու դասախոսները սաների հետ մոտենալով մեծանուն Հայրապետների հանգստարաններին պատմում են Հայոց աշխարհի  տառապանքն ու վիշտը, հաղթանակներն ու նվաճումները կիսած ու ապրած  Վեհափառների  մասին, կաթողիկոսական շիրիմները  լռության մեջ խոսում ու դաստիարակում են սերունդներին:

Խաղաղության մեջ հանգչե'ք, մեր սիրելի Հայրապետներ: Ձեր վեհաշունչ շիրիմները թող շարունակեն պահապանն ու զորավիգը լինել Սուրբ Էջմիածնի, Հայաստան աշխարհի և համայն հայության: Եվ մենք ձեր ժառանգները ժամապահի ու պահնորդի  պես  շարունակենք խնամել, դաստիարակվել  ու  շարունակել  իրականացնել  ձեր  տեսիլքներն  ու  մեծ երազանքները: Խունկ և աղոթք ձեր սուրբ շիրիմներին: