Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

ՊՆ-ին ամրակցված տարածք է վաճառվել, զորամաս չէր․ փաստաբանը՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ գործի մասին

Հանրությանը հրամցվում է մի քանի միֆ․ գործ կամ վարույթ ասվածն այս դեպքում շատ մեծ չակերտների մեջ ենք վերցնում, որովհետև Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ նորմալ իրավական երկրում, այս պայմաններում որևէ կերպ չէր կարող քրեական հետապնդում իրականացվեր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

«Գլխավոր դատախազը ԱԺ գնաց, քննարկման թեման Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն էր, ԱԺ-ի քննարկման ժամանակ  12 հարց է ուղղվել Գլխավոր դատախազին, որից 9-ի առանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրյալ կատարված գործողությունները, 9 պատասխանից յուրաքանչյուրն իր մեջ սուտ էր պարունակում»,-ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ առաջին սուտն այն է, որ զորամասը վերածել են գումարի և դրան բացատրություն չկա։ Պողոսյանը միացրեց ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումը, երբ պատգամավորները հարցեր էին ուղղում գլխավոր դատախազին։

«Հիմա ստանում ենք մի իրավիճակ, երբ անընդհատ քննարկվում է, թե զորամաս է վաճառվել, բայց իրականում այնտեղ զորամաս չկա, կա շտաբ, կա տարածք, ՊՆ-ին ամրակցված տարածք է եղել, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովը այս վաճառքի որոշման հետ որևէ առնչություն չունի»,-մանրամասնեց Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ նախորդ ամիս՝ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի  ներկայացրած միջնորդությունների հիման վրա «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնեց, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։

Ըստ Վարդապետյանի այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։

Օրեր առաջ՝ մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Send