Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու․ փոխվարչապետ

Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու․ փոխվարչապետ

Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար։ «Իրանը առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր է մեզ համար։ Մեր երկու երկրների կառավարությունները անհրաժեշտ կամք և հետևողականություն պետք է դրսևորեն զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում»,-ասաց նա՝ կարևորելով երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ համագործակցությունը։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը մշտապես կարևորել են գործարարների միջև համագործակցության խթանումը։

«Նիստի շրջանակներում տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Տնտեսական այս կարևոր միջոցառումը հարթակ կդառնա հայ- իրանական գործարար կապերի խթանման համար»,-հավելեց նա։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը կայացել էր Թեհրանում 2019 թվականին, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: