Կարևորը «բանտիկ» կտրելն էր. Մարտունու նորաբաց ԲԿ-ն Փաշինյանի այցից հետո չի գործել․ ինչո՞ւ

Կարևորը «բանտիկ» կտրելն էր. Մարտունու նորաբաց ԲԿ-ն Փաշինյանի այցից հետո չի գործել․ ինչո՞ւ

Նախորդ տարի, որպես Փաշինյանի Կառավարության մեծ ձեռքբերում ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի հիվանդանոցի նոր շենքի շահագործումը։ Փաշինյանն անձամբ այցելեց համայնք ու «Մուրադի դեմքով» շրջայց կատարեց հիվանդանոցի շենքում, ապա նույնքան հպարտ հայտարարեց, որ սա շատ կարևոր օր է իր համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն են բացում Մարտունիում, այլ նաև այն պատճառով, որ սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ է տրվում։ 

Իհարկե, կարևոր է, որ Մարտունու, ինչպես նաև հարակից Վարդենիսի բնակիչներին սպասարկող բուժհաստատությունը վերակառուցվել և նորագույն տեխնոլոգիայով է համալրվել, բայց այստեղ մի մեծ բայց կա․ նոյեմբերի չորսին բացված բուժկենտրոնը չի գործում, Փաշինյանի այցից հետո տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել և վերսկսվել են շինարարական աշխատանքները։

Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ փետրվարի մեկը վերջնաժամկետն է, այսինքն՝ շենքն ամբողջովին պատրաստ պետք է հանձնվի իրենց։

«Փաշինյանի այցից հետո է եղել տեսչական մարմնի արձանագրումը, ես չգիտեմ՝ ինչ խնդիր է, շինարարությունն իրականացնող կազմակերպությունից տեղեկացեք։ Ես այս մասով ինչ կարող եմ ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրներ են արձանագրվել, բայց ինքը տեղեկություն չունի՝ այդ պատճառով որևէ մեկը պատասխանատվություն կրե՞լ է։

Մեր դիտարկմանը, որ ըստ մեր տեղեկութունների՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը հենց այդ պատճառով ազատվել է աշխատանքից, Հարությունյանն արձագանքեց, որ նման տեղեկություն չունի, ու եթե անգամ փոխնախարարն ազատվել է աշխատանքից, դեռ հստակ չէ՝ ինչ խնդրի պատճառով։

Մեկ այլ հարցի, թե հիմա որտեղ են սպասարկվում բուժառուները, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց՝ հիվանդանոցի նախկին մասնաշենքում, որի հենց հարևանությամբ է կառուցվել նոր մասնաշենքը։

Նշենք, որ բուժհաստատության կառուցման համար Կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։ 

Նարե Գնունի