Կա՛մ, կա՛մ. երրորդ տարբերակ, կարծես, չի մնացել․ «Փաստ»

Կա՛մ, կա՛մ. երրորդ տարբերակ, կարծես, չի մնացել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, թվում է, բավական էին հասկանալու, որ Հայաստանն ընթանում է թուլացման, խեղճացման, շարունակական պարտության և ծնկի գալու ճանապարհով։ Ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանում պաշտոնավարող թիմը: Համաձայն ենք, ոչ բոլորը, բայց արդեն նկատելի է, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անվերապահորեն աջակցում էին Փաշինյանին, քիչ-քիչ հասկանում են, որ պետության գլխավերևում թևածող արհավիրքը Փաշինյանը կախել է բոլորիս գլխին։ Այսինքն՝ խնդիրն այլևս մոտեցումների կամ գաղափարախոսության ընտրությունը չէ, քանի որ սեղանին է դրված գոյություն ունենալու կամ չունենալու հարցը, պետության ինքնիշխանության հարցը։ Իսկ իշխանություններն իրենց սպառել են մինչև վերջին ակորդը։

Լավ, համաձայն ենք, հնարավոր է՝ չեն սպառել միայն երկու առումով՝ երկիրը մինչև վերջ կործանելու կամ, իշխանությունից հեռանալով, երկիրը փրկելու: Կա՛մ, կա՛մ, երրորդ տարբերակ, կարծես չի նշմարվում: Արցախյան պատերազմի ժամանակ իշխանական պրոպագանդան առաջին իսկ օրերից «ավետում» էր, թե «հաղթելու ենք», պատերազմից հետո վստահեցնում էին, թե Սյունիքն անվտանգ է, իսկ հիմա էլ Փաշինյանը փորձում է հասարակությանը հավաստիացնել, թե փաստաթուղթ է ստորագրելու, որտեղ ՀՀ-ի 29,8 հազար քառակուսի կմ տարածքը պահպանվելու է։ Բայց քանի որ գրեթե միշտ ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակառակ պատկերը, ապա երբ որ տեղի ունենա ադրբեջանական հերթական ներխուժումը մեր երկիր, շուտով 29,8 հազար քառակուսի կմ-անոց Հայաստանի մասին փաստաթուղթը կարող է երազանք թվալ։ Առավել ևս, որ Նիկոլն կասկածելիորեն ինչ-որ շատ է խոսում այդ թվի մասին, հատուկ շեշտադրում դա: Ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանը հազարավոր զինվորների շրջափակումից փրկելու անհրաժեշտությամբ էր պայմանավորում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, ապա նույնը կարող է կատարել ևս մեկ անգամ և որոշակի իրադրության պայմաններում որպես փրկություն ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքների զիջումը։

Փաստերը վկայում են, որ ինչքան գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, այնքան կորցնելու ենք, այնքան մեր պետությունը նվաստացվելու է։ Հապաղումը շատ ծանր հետևանքների է հանգեցնելու։ Այս պարագայում, հանրության մեծ մասի համոզմամբ, միակ ելքը ՀՀ իշխանություններից օր առաջ ազատվելն է, որը պետք է դառնա աղետը կանխելու առաջին քայլը։ Իսկ դրա համար հանրային և քաղաքական լայն համախմբում է հարկավոր, որի համար կան անհրաժեշտ պայմաններ։ Այս կոնտեքստում քննարկվում էին տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ Հայաստանի նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունը։ Նրանք, ի վերջո, հանդիպեցին Վեհարանում՝ Ամենայն հայով կաթողիկոսի մասնակցությամբ: Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ երեք նախագահները հանդիպում են։ Արցախյան պատերազմի վտանգի պայմաններում էլ նրանք մի քանի անգամ հանդիպեցին, անգամ նախաձեռնություն եղավ, որ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, այլ հարց է, որ իշխանությունները ամեն գնով խափանեցին այդ այցը։

Դժվար չէ պատկերացնել, թե ներկայումս իրավիճակը ինչքան բարդ է, որ նախագահները կրկին ստիպված են մի կողմ դնել իրենց տեսակետների ու մոտեցումների տարբերությունները և նստել մեկ սեղանի շուրջ։ Եվ նույնիսկ նրանք, որոնք երեք նախագահներից որևէ մեկի կամ հենց երեքի մասին էլ լսել չէին ցանկանում, ապա հիմա հույսեր են փայփայում, թե նախագահները կարող են լուծումներ առաջարկել։ Ճիշտ է, հանդիպման սկսվելուն պես ամբողջ սոցցանցերը ողողած «Աստծով» գրառումները ծայրահեղ սպասումների մասին էին խոսում, ինչը հաստատվեց հանդիպումից հետո արված հաղորդագրությունից հետո, երբ բազմաթիվ մարդիկ հիասթափության նշաններ սկսեցին ցույց տալ: Իրականում չափազանց միամիտ պետք է լինել մտածելու, թե ընդամենը 2-3 ժամանոց հանդիպումից հետո հայտարարվելու էր Նիկոլի հեռացման կամ նոր իշխանության ձևավորման մասին: Այդպես չի լինում, այդպես չի կարող լինել:

Բայց երևույթն ինքնին չափազանց կարևոր է թե՛ Վեհափառի ներգրավվածության տեսանկյունից, ինչն առկա գործընթացներին համահայկականության բնույթ է հաղորդում, թե՛ երեք նախագահների քննարկումների տեսանկյունից, քանի որ նրանց փորձառությունն ու քաղաքական դաշտի վրա իրական, առարկայական ու շոշափելի ազդեցությունը հույսեր է ներշնչում գործընթացներին բովանդակային հուն հաղորդելու և իրական ելքեր ու լուծումներ գտնելու առումով: Մյուս կողմից՝ խմորվող քաղաքական գործընթացը միայն նախագահների հանդիպմամբ չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է, որ բոլոր առողջ, իրականում երկրի ու պետության հանդեպ պատասխանատվություն ունեցող հասարակական և քաղաքական ուժերը համախմբվեն այս օրակարգի շուրջ։ Պետականության կորստին «հինգ է պակաս», մենք դեռ քննարկում ենք այս կամ այն գործչի կամ ուժի անցյալում ունեցած սխալը:

Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքական ցնցումները ավելի վատթար վիճակ կարող են ստեղծել։ Իշխանափոխությունը պետք է լինի արագ, բայց անցնցում ու սահուն, որպեսզի «ունքը շինելու տեղը աչքն էլ չհանվի»։ Եվ սա նաև հանրության և քաղաքական ուժերի պատասխանատվության հարցն է:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում