Սոթքում կրակոցներ չեն եղել, կանայք վերադառնում են գյուղ 

Սոթքում կրակոցներ չեն եղել, կանայք վերադառնում են գյուղ 

Սոթքում երեկ գիշերվանից կրակոցներ չկան, վիճակը խաղաղ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմա վնասներն են գույքագրվում, փորձում են հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ առաջնային լուծման կարիք ունեն։ «Հիմա էդ գործով ենք, գյուղում աշխատանքներ ենք տանում։ Կանայք արդեն վերադառնում են գյուղ, բայց երեխաներին դեռ չեն բերում»,- ասաց Խաչատրյանը։ 

Նա վստահություն հայտնեց, որ մոտ օրերս արդեն բոլորը կվերադառնան գյուղ. «Ու ուրիշ տարբերակ էլ չկա, հո մեր տները չե՞նք լքելու, գնանք։ Սա է մեր հողը»,- ասաց նա։ 

Հարցին՝ եթե երեխաները գյուղ վերադառնան, կկարողանա՞ն դպրոց, մանկապարտեզ հաճախել, պայմաններ հիմա կա՞ն, Սոթքի համայնքապետն ասաց, որ ո՛չ դպրոցն է վնասվել, ո՛չ էլ՝ մանկապարտեզը. «Գյուղը շուտով կրկին մարդաշատ կլինի»,- հույս հայտնեց Խաչատրյանը։

Նարե Գնունի