Կարծես, ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը. Մամուլը՝ սուրճով

Կարծես, ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սյունիքի մարզում՝ Տաթեւ վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերեւս սրանով  էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, եւ եղավ այն, ինչ եղավ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է  Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարեւանների հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ Տաթեւում մոտենալով  սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, եւ պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միեւնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է եւ հարցեր ունի սրբազանին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխող ՔՊ-ում բոլոր որոշումները միանձնյա կարգով Նիկոլ Փաշինյանն է կայացնում՝ առանց թիմակիցների կարծիքը հաշվի առնելու, շատ դեպքերում՝ անգամ իր որոշումների մասին չի էլ տեղեկացնում թիմակիցներին՝ անակնկալի բերելով նրանց:

Այսպիսով, վերջերս այս մասին վկայող հերթական «թարմ» դեպքն արձանագրվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանյան 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական» եւ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով դիմել էին իշխանություններին։

ՔՊ-ականները սա մեծ շուքով ներկայացրին, ու անգամ խորհրդարանական լսումներ անցկացվեցին այս թեմայով:

Տպավորություն էր ստեղծվել, թե ՔՊ-ում հանրաքվեի պատրաստություն են տեսնում:

ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր. «Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո»:
Բայց, արի ու տես, որ ՔՊ-ում տեղյակ չեն, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ ծրագրեր ունի:

Ընդամենը երկու օր առաջ՝ հուլիսի 1-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու, քանի որ ինքը «գիտի ժողովրդի կարծիքը»։

Նիկոլ Փաշինյանն իր այս սպոնտան որոշումներով, ըստ էության, հերքեց ու անորոշ դրության մեջ դրեց թե’ Ալեն Սիմոնյանին, թե՛ ողջ ՔՊ-ին:
Սրանից կարող ենք կրկին արձանագրել, որ Փաշինյանը բացառապես միանձնյա որոշումներ է կայացնում ու իր թիմակիցների տեսակետը հաշվի չի էլ առնում՝ մշտապես փաստի առաջ կանգնեցնելով»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։ 

Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից: Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը։