Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը. Ղազինյան

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը. Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,

Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:

Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ:

Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է:

«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք:

Աստված պահապան Հայաստանին ու Արցախին

Աստված պահապան Հայ ժողովրդին: