Ո՞ւր են կենսաթոշակային ֆոնդի գումարները, ի՞նչ են անելու Արցախի պատգամավորները

Ո՞ւր են կենսաթոշակային ֆոնդի գումարները, ի՞նչ են անելու Արցախի պատգամավորները

Այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ 2023թ.-ի մարտից Արցախի քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: 

Արդյո՞ք այս իրավիճակը կապ ունի Արցախի շրջափակման հետ. MediaHub-ը զրուցեց Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Վերջինիս խոսքով, շրջափակման ժամանակ պետական հիմնարկների աշխատողները, որոնք Արցախի Հանրապետությունում մեծամասնություն են կազմում, կայուն աշխատավարձ են ստացել, հետևաբար կենսաթոշակային կուտակային ֆոնդի հետ կապված պետք է որ խնդիր չառաջանար։ 

«Ես չեմ կարող ասել պատճառը ինչը կարող է լինել, այդ հարցին պետք է պատասխանատուները պատասխանեն, բայց ցանկացած պատասխան ընդունելի, ընկալելի և օրինական չի համարվի, որովհետև կար հաստատված բյուջե, որին խորհրդարանը քվեարկել էր, հաստատել էր և ցանկացած փոփոխություն բյուջեում պիտի արվեր խորհրդարանի միջոցով, մեզ տեղյակ պահվեր, և հանրությունը պետք է իմանար, քանի որ ի վերջո դա մարդկանց անձնական կուտակային կենսաթոշակային ֆոնդն էր, որը որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, չէր կարող ինքնակամ տնօրինել»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ Արցախի պատգամավորները այս հարցով փակ քննարկում անցկացրե՞լ են, ճիշտ են լուրերը, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները և ով է դրա պատասխանատուն, պատգամավորը նշեց.

«Քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը դեռ 2022թ․-ի ամռանը ունեինք և մեր խմբակցությունը նման առաջարկ էր արել, խորհրդարանին պետք էր 9-ը ստորագրություն, որը ստացվեց ունենալ, բայց ժամեր անց պատգամավորներից մեկը հետ վերցրեց ստորագրությունը և այդպես իրենք խոչընդոտեցին, որ ստեղծվեր այդ հանձնաժողովը։ Իրողություններից խուսափելու իրավունք չունի հենց Ազգային ժողովը, դա իր պարտավորությունն է և պարտականությունն է ՝ բացահայտել քննիչ հանձնաժողովի միջոցով և տեղյակ պահել հանրությանը, թե որտեղ է այդ գումարը»։

Այս  օրերին և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛  Ալիևը խոսում են նոր Սահմանադրության մասին: Մետաքսե Հակոբյանի խոսքով, այն նկրտումները, որ ունի Թուրքիան, այս իշխանության ձեռամբ շատ լավ հնարավորություն ունի իրականացնելու. 

«Սահմանադրությունն այն սահմանագիծն է, որը փորձում են հատել այս իշխանությունները, և մտնել ուղղակի դրա մեջ մեզ արգելված է, պետք է դա կանխել։ Այն, ինչ տեղի է ունենում, ներկայացվելու է որպես Հայաստանի Երրորդ հանրապետության ոչնչացում և այդ ամենը փորձելու է անել ժողովրդի ձեռքով։ Բռնաճնշումների արդյունքում կհասնեն իրենց ուզածին, եթե մեր թե՛ հասարակության, թե՛ քաղաքական առողջ հատվածը դա չկանխի»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։ 

Նշենք, որ Արցախի կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 քաղաքացի:

Մարիաննա Արամյան