Ռուբեն Վարդազարյանին հարցաքննել են, Արցախցի երիտասարդները խոսել են ընտանիքների հետ․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել՝ հարցաքննության։ Նրա հարցաքննությունը տեւել է 10 րոպե, որի ընթացքում նա ասել է՝ ինչ ցուցմունք տվել է նախկինում, պնդում է, ապա հեռացել է կոմիտեից։
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալուն տրամադրելու համար։
Ավելին՝ հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։
Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը:
Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար:
Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։
Երեկ նաեւ ադրբեջանական ֆուռերը` սննդով բեռնված, հատեցին Աղդամի ճանապարհը եւ ռուս խաղաղապահների թողտվությամբ մտան Արցախի տարածք: Սակայն արցախցիները շտապել էին Ասկերան-Ակնա հատված՝ այդ բեռների դեմն առնելու: Բացի նրանից, որ այդ բեռների ընդունումը համարում են մեկ քայլ դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիա, նաեւ մտավախություն ունեն, որ այդ սնունդը պիտանի չի լինի օգտագործման համար` ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ իշխանությունները շարունակում են ճաշկերույթների վրա մեծ գումարներ ծախսել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչեւ օգոստոսի կեսը ընկած ժամանակում մեկ անձից գնման ընթացակարգով 84.6 մլն դրամ է ծախսել:
Նշենք, որ այդ գումարից 11.2 մլն դրամը հատկացվել է հենց այդպիսի ծախսերի վրա՝ «Երեւան հյուրանոց», «Փոյնթ օֆ վյու», «Սալոն ռեստորան», «Սարյան 1 Թրեվլ Քլաբ», «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» եւ այլն։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը «Արցախ Կարպետ» ընկերությունից ձեռք է բերել «Վիշապագորգ» հուշանվեր՝ 350 հազար դրամ արժողությամբ, 2 «Արցախ» գորգ՝ 610 հազար դրամ արժողությամբ։
Մեծ գումար է կազմել մեքենաների ապահովագրությունը։ Օրինակ՝ աշխատակազմին սպասարկող 46 ավտոմեքենաների ապահովագրության եւ վերանորոգման համար ծախսվել է մոտ 6.9 մլն դրամ։
Հավելենք, որ ընդդիադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները՝ համարելով կոռուպցիա: Հիմա անում է այն, ինչ քննադատում էր նախկինում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Արցախում իր համար պաշտոններ որոնել. հենց նոր պաշտոն է ազատվում, որոշում է ինքնաառաջադրվել ու պատկերացնել իրեն այդ պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 28-ին Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ բավականին թեժ ու երկարատեւ քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը եւ Արցախի պատգամավորները: Ի թիվս անվտանգային եւ հումանիտար հարցերի՝ քննարկվել է նաեւ Արայիկ Հարությունյանի հարցը, որը վերջին օրերին Արցախի քաղաքական թոփ թեման է դարձել:
Արցախում Հարությունյանի հրաժարականի մասին խոսակցություններից ամենաշատը ոգեւորվել է Սամվել Բաբայանը. թեեւ հրաժարականի մասին ընդամենը խոսակցություններ են, ու հստակ ոչինչ դեռ չկա, բայց Բաբայանը կրկին ակտիվացել է, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, այսպես ասած, արդեն դիրքավորվել է՝ որպես Արցախի նախագահ:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նախագահների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ էլ բավականին ակտիվ է եղել ու ոգեւորված հայտարարություններ արել: Ի հեճուկս իր ցանկությունների՝ Սամվել Բաբայանին որպես նախագահի թեկնածու Արցախում չեն դիտարկում, քանի որ հանրային եւ քաղաքական լայն շրջանակների համար նա անընդունելի կերպար է՝ իր «նիկոլական» հայտարարությունների համար:
Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը դեռ խոսակցությունների մակարդակի են, հստակ ոչինչ չկա, քանի որ նրա հրաժարականը լուրջ վտանգներ է պարունակում: Հարությունյանը ապահովում է Արցախի ինքնիշխանությունը, եւ այս պարզ ճշմարտությունը շատերը Հայաստանում եւ Արցախում չեն գիտակցում: