Փաշինյանը գնացել էր «Թուրքիայի տուն»՝ հովանավոր հոր մոտ, զեկուցելու իր արած-չարածի մասին

Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Սակայն չի նշվում, թե որտեղ է տեղի ունեցել այդ հանդիպումը։
Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ Փաշինյանը Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Սա, իրականում, նվաստացուցիչ, բայց այս կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին շատ հատուկ հանդիպում և հաղորդագրություն է։
Նախ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում իր «հովանավոր հորը» կամ «քաղաքական կնքահորը»՝ Էրդողանին, հանդիպել է ոչ թե հենց ՄԱԿ-ի ասամբլեայի շենքում կամ որևէ այլ չեզոք վայրում, այլ Էրդողանի տարածքում՝ «Թուրքիայի տանը»։ Այո, Նյու Յորքում կա մի բարձրահարկ շենք, որը կոչվում է «Թուրքիայի տուն», վրան էլ Թուրքիայի դրոշն է փակցրած։ Ու Փաշինյանը հենց այստեղ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել նաև դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տեղադրելով «Թուրքիայի տան» նկարը։ Դիվանագիտության մեջ սա անհավասար դիրքերից հանդես գալ է նշանակում՝ երրորդ երկրում գնալ հանդիպման հարևան երկրի ղեկավարի մոտ՝ իր իսկ տարածքում։
Հիմա՝ հաղորդագրության մյուս նվաստացուցիչ մասի մասին։ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում գնացել է «Թուրքիայի տուն», որ Էրդողանին տեղեկացնի իր արած-չարածի մասին։ Այսինքն՝ որդին գնացել է հոր մոտ, որ տեղեկացնի, թե ինչպես է կատարել իր տնային աշխատանքները կամ որքան լավ է սերտել իր դասերը։ Սա նույնն է, երբ կառավարության նիստին Փաշինյանի նախկին օգնական տիկին դատախազը զեկուցում էր կառավարության ղեկավարին՝ իր նախկին կամ մշտական շեֆին, իր հարուցած քրգործերի մասին։
Հիմա էլ Փաշինյանն է գնացել «Թուրքիայի տուն», Էրդողանի մոտ՝ զեկուցելու, և դա ներկայացվել է մի փոքր ավելի մեղմ ձևակերպմամբ՝ «Փաշինյանը տեղեկացրել է Էրդողանին»։
Հավասար դիվանագիտական պայմաններում երկու երկրների ղեկավարները նախ պետք է որևէ չեզոք գոտում հանդիպեին, հատկապես, որ խոսքը դիվանագիտական հարաբերություններ չունեցող և ոչ բարեկամ երկրների ղեկավարների մասին է։ Երկրորդ, հանդիպման ընթացքում, եթե պետք է կողմերը տեղեկացնեին միմյանց արած-չարածների մասին, ապա դա պետք է տեղի ունենար երկկողմ ձևաչափով, այսինքն՝ երկու կողմն էլ միմյանց տեղեկացնեին իրենց անելիքների մասին, ոչ թե նրանցից միայն մեկը խելոք տեղեկացնի/զեկուցի մյուսին իր արած-չարածի կամ անելիքների մասին։ Բայց, հաշվի առնելով, թե ինչպես է Էրդողանը «հայրաբար» տեր կանգնում Նիկոլ Փաշինյանին և ամեն գնով պաշտպանում նրա իշխանությունը հավանական ցնցումներից, այսպիսի «զեկուցող» հանդիպումները բնավ զարմանալի չեն։
Վահե Մակարյան