Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Թռչկանի ջրվեժ (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Թռչկանի ջրվեժ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի վեցերերդ տեսարժան վայրը՝ Թռչկանի ջրվեժ

Վայրը` Շիրակի մարզ

Երևանից` 145կմ / 2 ժամ

Թռչկան ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակի՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխան գետի վրա:

Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով: Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում: Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան:

Թռչկան ջրվեժը 2008թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։