Ինչ բերեց Փաշինյանը Փարիզից
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին:
Իհարկե, հաճելի է, երբ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի շուրջ կոնսոլիդացիա է ձևավորվում միջազգային որևէ հարթակում:
Մյուս կողմից, ականջ շոյող հայտարարությունները շատ հաճախ կիրառական, գործնական որևէ հետևանք չեն ունենում և, այսպես ասած, բարոյական աջակցության շարքից են:
Օրինակ, Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի
բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
Հրաշալի է, բայց նույն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ արդեն մեկ անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը օգտագործվել է՝ ոչ հեռավոր 2022-ին, Պրահայում, երբ Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը և Միշելը հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Այդ հայտարարությունն այդպես էլ չերաշխավորեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց նպաստեց, որ Ադրբեջանը «կլանի» Արցախը:
Եթե միջազգային որևէ հարթակ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին, Ադրբեջանի դեմ սանկցիա չի կիրառում կամ բարեխիղճ միջնորդություն չի իրականացնում, նմանատիպ հայտարարությունների էֆեկտը չափազանց փոքր է:
Վահրամ Բագրատյան