«Դաhիճները»՝ հանցանքի վայրում

«Դաhիճները»՝ հանցանքի վայրում

Այսօր առավոտյան համացանցում ակտիվ տարածում գտավ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հերթական տեսանյութը։ Նյու Յորքից գիշերը Հայաստան վերադարձած` նա կնոջ հետ այս լուսադեմին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու այն տղաների հիշատակին, որոնք, ըստ իր կնոջ, զոհվել են հանուն ոչնչի։ Հատկանշական է, որ այդ «հանուն ոչնչի» նահատակված տղաների շիրիմներին խոնարհվելիս տիկին Աննան բավականին հուզված տեսք ուներ․․․ հայտնի չէ՝ ինչ էր մտածում, կամ զգում այդ պահին, գուցե այն, որ այդ՝ սառը քարերից ժպտացող տղաները զոհվեցին այն հողի համար, որն իր ամուսինն առանց վարանելու ադրբեջանական հայտարարեց։ Ավելին, ԱԺ ամբիոնից էլ ասաց՝ զղջում է, որ հենց 2018-ին չի հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ որի՝ «Արցախն Ադրբեջան է»։

Ինչևէ, հիմա՝ պատերազմից չորս տարի անց, երբ բազմաթիվ ընտանիքներ դեռ հավատում են, որ իրենց զավակներն ինչ-որ հրաշքով վերադառնալու են, երբ այցելում են շիրիմների, որոնց հոգու խորքում հարազատ չեն համարում, քանի որ զավակի մարմինն ամբողջական չեն էլ գտել, երբ չարաբաստիկ 2020-ից հետո ծնված զավակը հոր հետ ծանոթանում է շիրմաքարի միջոցով, առաջին բառերն էլ հոր նկարին է ասում․․․ երբ այս աղետն անավարտ է թվում, Նիկոլ Փաշինյանն ու իր կինը կարողանում են հպարտ կեցվածքով այցելել պանթեոն՝ իրենց մեղքով այդտեղ հանգչող տղաների առջև խոնարհվելու։

Եվ սա անում են՝ գիտակցելով, որ բազմաթիվ ծնողներ հերթական անգամ «մեռնում» են այդ տեսանյութերը նայելիս։ 

Հիշեցնենք, որ ամեն տարի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքը ծնողները փակում են՝ պահանջելով, որ Փաշինյանը չմոտենա իրենց սրբատեղիներին։ Իսկ այսօր, փաստացի, այդ իրենց զավակների «դահիճը» հերթական անգամ սպանում է հերոսածին ծնողներին՝ ցույց տալով, որ իր թուրն ամեն տեղ կտրում է, և նա այնտեղ է, ուր ցանկանում է լինել։

Եվ սա ընդամենը․․․, ընդամենը մի քանի լուսանկարի ու ինչ-որ տեսանյութի համար, որը պիտի տարածվի մի քանի հարյուր քաղաքացու կողմից՝ «վարչապետս» գրառմամբ։ Պարզ, պրիմիտիվ քարոզչություն՝ թերևս դեռևս «շատ պրիմիտիվ հասարակության» մի հատվածի համար, որը 2021-ին, դեռ տղաների վրա հողը չսառած, ձայն տվեցին նրանց «դահիճին»։ Եվ Փաշինյանն այս անգամ էլ հենց նրանց ցույց տվեց, որ անարգել այցելում է Եռաբլուր, ծաղիկներ խոնարհում, ու երևի նույն հպարտությամբ, ինչ հպարտությամբ կրծքին էր սեղմել իր կառուցողական ընկեր, լավ հարևան, բայց 2020-ին հայ զինվորին «մորթած» Էրդողանի գիրքը։ Երևի հենց նույն հպարտությամբ։

Նարե Գնունի