Կուտականում խաղաղ է, բայց բնակիչները վտանգ են զգում

Կուտականում խաղաղ է, բայց բնակիչները վտանգ են զգում

Կուտականում հիմա խաղաղ է, երեկվա կրակոցները երկար չեն տևել, փառք Աստծո, վնաս չենք կրել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Կուտականի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Կուտականի բնակիչը նշեց, որ կրակոցները միայն դիրքերում են եղել, գյուղի ուղղությամբ չեն կրակել։

«Իրականում, մենք պատրաստ ենք ամեն ինչի, վտանգն էլ մեր գլխին կախված է։ Գյուղի ուղղությամբ, որ կրակեն, իմացեք պատերազմ է սկսվել։ Խառն է իրավիճակը, բոլոր ուղղություններով։ Մենք փորձում ենք պաշտոնական լրահոսին հետևել, շատ բան չասել ու չմտածել, բայց վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,-ասաց բնակիչը։

Լիաննա Թորոսյան