Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների համար. Տոկաև

Մեր բանակցությունների ընթացքում կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Այս մասին Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ղազախստանի նախագահ Տոկաևը:

Նա նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել փոխադարձ օժանդակություն տրամադրելը միմյանց նախաձեռնություններին: 

«Ուզում եմ սա մեծ երախտագիտությամբ նշել: Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր»,- ասաց նա:

Նա շեշտեց՝ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս ուղղությամբ և իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար: 

«Մեր հիմնական նպատակն է՝ մերձեցնել մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի, բարիդրացիական հարաբերությունների՝ այս տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման համար»,- հավելեց նա: