Քանի դեռ Փաշինյանի ստերը հասարակությունն ուտում է, այս վիճակն է լինելու․ Դավիթ Գալստյան

Քանի դեռ Փաշինյանի ստերը հասարակությունն ուտում է, այս վիճակն է լինելու․ Դավիթ Գալստյան

Արցախի էջը Հայաստանի իշխանության կողմից փակված է․ Նիկոլ Փաշինյանը և իր թիմն իսպառ մոռացել են իրենց «երբեմնի հայրենիքի» մասին, և հիմա ընդդիմությունն է միայն փորձում տարբեր հարթակներից հիշեցնել, որ մենք Արցախ ունեինք, հայկական Արցախ։

Այս օրերին էլ ավելի մեծ ցավով է ընդդիմությունը խոսում Արցախի մասին․ սեպտեմբերի երկուսն Արցախի Հանրապետության Անկախության օրն է, և առաջին անգամ է, որ այն նշվելու է առանց հայի մնացած Արցախում։ 

Ի՞նչ մտքերով, սպասումներով ու անելիքներով են Արցախի Անկախության օրը Հայաստանում նշելու հենց իրենք՝ արցախցիները․ MediaHub-ը զրուցեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

Նրա խոսքով՝ անելիքը մեկն է․ հեռացնել այն իշխանությանը, որը թուրք-ադրբեջանական պատվերով փակում է Արցախի վերջին էջը։

«Քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է Արցախի վերջին էջը փակելը, և Հայաստանի իշխանությունն իր աթոռից կառչած մնալու համար դա անում է, որևէ հարց չի լուծվելու ի նպաստ հայ ազգի։ Ուստի այսօր արցախցիները կանգնած են այն մարդկանց կողքին, ովքեր համարում են, որ Արցախը հայկական է, և արցախցիների վերադարձի իրավունքի հարցը պետք է բերվի օրակարգ։ Եվ այդ մարդկանց օգնելու համար մենք մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը ներդնում ենք»,- նշեց Գալստյանը։

Ըստ նրա՝ հայոց պետականության կորուստը չտեսնելու համար պետք է մարդիկ ամեն ինչ անեն, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հեռանա։

«Նոր իշխանություն է պետք, որ օրակարգ կբերի Արցախի հարցը։ Իհարկե, այդ ամենը հեշտ չի տրվելու։ Նիկոլ Փաշինյանը կառչած է իր աթոռից, և այս փուլում Արցախ վերադառնալու հնարավորությունը չնչին է, բայց ո՛չ մի իշխանություն, ո՛չ մի անձ չի կարող իրեն իրավունք վերապահել ազգին վերաբերող ճակատագրական հարցերին միանձնյա լուծում տալու»,- նկատեց նա։

Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունը մեկ տարի առաջ կարողացավ միանձնյա որոշում ընդունել, Դավիթ Գալստյանն արձագանքեց՝ մի օր իրավունքի ամբողջ ուժով պատասխան են տալու։

«Եթե ազգը ոտքի չկանգնեց ու չպահանջեց այս իշխանության հեռացում, այն, ինչ եղավ Արցախում, կրկնվելու է Հայաստանում, և մենք վերջնականապես կորցնելու ենք մեր պետականությունը։ Հիմա տեսեք՝ ինչ է լինում․ Փաշինյանը ճանապարհներ է հանձնում, հետո նորն է կառուցում, ու հասարակությանը կերակրում է, թե «տեսեք, նոր ճանապարհ եմ կառուցել»։ Քանի դեռ հասարակությունն ուտում է այդ ստերը, շարունակական խնդիրներ ենք ունենալու»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի երկուսի անելիքներին, ապա Գալստյանն ասաց, որ առավոտյան այցելելու են «Եռաբլուր» պանթեոն, ապա Արցախի ներկայացուցչությունում ընդունելու են արցախցիներին, լսելու նրանց խնդիրներն ու քննարկելու հետագա անելիքները։

Նարա Գնունի