Թուրք ու ադրբեջանցի, կապ չունի՝ 150 հազար դոլարի դիմաց կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի

Թուրք ու ադրբեջանցի, կապ չունի՝ 150 հազար դոլարի դիմաց կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի

ՀՀ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։

Ոստիկանության ներկայացրած չափորոշիչներից պարզ է դառնում, որ տվյալ անձի՝ ֆինանսական ներդրումը պետք է լինի 150 հազար դոլարից ոչ պակաս։ Սա, ըստ քաղաքագիտական հանրույթի, խիստ վտանգավոր երևույթ է, քանի որ հասկանալի չէ՝ թշնամի պետությունների քաղաքացիները և՞ս կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ, թե՝ ոչ։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ ռիսկն ու վտանգը հենց այն են, որ որևէ կերպ պարզ չէ, թե ինչպես է կարգավորվելու Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում գույք կամ գործող բիզնես գնելու և արդյունքում՝ քաղաքացիություն ստանալու գործընթացը։

«Որպես արդյունք, մենք կարող ենք հենց ՀՀ-ում 10-15 տարի անց տեսնել տնտեսական էքսպանսիա՝ թուրքական ու ադրբեջանական կապիտալով։ Գույք ու բիզնես գնելուց հետո քաղաքացիություն ստացած թուրք ու ադրբեջանցի ընտանիքներ կարող են հաստատվել Հայաստանում, և մենք նույնիսկ կարող է չիմանանք, որ նրանք թուրքեր կամ ադրբեջանցիներ են»,- ասաց Էլիբեգովան։

Նրա դիտարկմամբ՝ թուրքերն ու ադրբեջանցիները կարող են գալ ռուսական կամ վրացական անձնագրերով, ապա այստեղ կհաստատվեն, և թե ինչպես դա կվերահսկվի՝ հասկանալի չէ․ պետական մարմինները հստակ պարզաբանում չեն տալիս։

Ի դեպ, հեռու գնալ պետք չէ՝ Վրաստանը դրա վառ օրինակն է: Եվ բոլորովին էլ անհիմն չեն մտահոգությունները, որ առաջիկա տարիներին մենք ականատեսը կլինենք, թե ինչպես է Թուրքիան ուղղակի «կուլ տալիս» Աջարիային:

Նշենք, որ աշխարհում սա տարածված պրակտիկա է՝ ներդրում անելով կարող ես նաև ստանալ երկրորդ անձնագիր: Օրինակ, ամենից արագ ներդրումների դիմաց կարելի է Վանուատիի անձնագիր ստանալ՝ 130 000 $ ներդրում ու չորս ամիս անց: Մալթան իր անձնագիրը ավելի թանկ է գնահատում՝ 600 000$ ներդրումից սկսած: Իսկ ահա Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ստանալու համար կպահանջվի նվազագույնը 200 000$: ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր է ստացել դեռ 2013թ.-ին՝ 500 000$ ներդման դիմաց:

Բայց չմոռանանք, թե որքան փխրուն է Հայաստանի գոյությունը մեր տարածաշրջանում, նման հարևանների կողքին, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք նույնիսկ չեն թաքցնում մտադրությունը վերջնական աշխարհի վրայից վերացնելու հայերին ու հայության մասին ցանկացած վկայություն: Հետևապես, նման նախագծերը, եթե դրանք սահմանափակում չեն դնելու որոշ ազգությունների համար, չափազանց վտանգավոր են... թեև տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզած, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ:

Նարե Գնունի