Լևոնը ճիշտ էր, իսկ ովքե՞ր և ինչո՞ւմ էին սխալ․ 1998-ի այս օրը հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը

Լևոնը ճիշտ էր, իսկ ովքե՞ր և ինչո՞ւմ էին սխալ․ 1998-ի այս օրը հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը

1998 թվականի այս օրը՝ փետրվարի 3-ին, Հայաստանի առաջին, կամ ինչպես իրենք՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են սիրում շեշտել՝ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Պատճառը Արցախի հարցն էր կամ, այսպես ասած, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ  Տեր-Պերոսյանի և «ոչմիթիզականների» միջև գաղափարական տարաձայնությունները։ 

Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ պետք է զիջել  մասը՝ պահպանելու ամբողջը, այն է՝ պետք է զիջել Արցախը Ադրբեջանին, որովհետև այն, միևնույն է, չենք կարողանալու պահել, փոխարենը պիտի ստանանք Արցախի համար հնարավորինս բարենպաստ կարգավիճակ, բայց ոչ՝ անկախություն, որը ցանկանում էին նրա հակառակորդները։ Տեր-Պետրոսյանը արցախյան հարցի կարգավորման հարցում առաջարկում էր փուլային լուծում, այն է՝ Արցախի «գրավյալ»  տարածքներից հայկական զորքի դուրսբերում, փախստականների վերադարձ, հաղորդակցության ուղիների վերականգնում, իսկ, ահա, Արցախի կարգավիճակի հարցը մնում էր հաջորդ փուլերին։ Կարգավիճակի մասով առաջին նախագահը Լեռնային Ղարաբաղի համար ամուր հիմքերով ինքնավարություն էր պատկերացնոյմ, իհարկե՝ Ադրբեջանի կազմում։ 

Իր հրաժարականին հաջորդած ամենահայտնի՝ «Խաղաղություն, թե՞ պատերազմ. լրջանալու պահը» հոդվածում նա, մասնավորապես, գրում է. «Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։

Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով»:

Քաղաքական մյուս դերակատարները, սակայն, դեմ էին այս լուծմանը՝ Տեր-Պետրոսյանից հետո իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն ու հետո նրանից իշխանությունը «ժառանգած» Սերժ Սարգսյանը ուզում էին փաթեթով և վերջնական լուծել արցախյան խնդիրն ու դրանով նաև Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը՝  ունենալով  ավելի մաքսիմալիստական ձգտումներ այս հարցում։ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնում. «Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը։ Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել»:

Իհարկե, հարցի փուլային և փաթեային լուծումները ավելի շատ տերմիններ են և բովանդակային առումով կարող են շփոթ առաջացնել, քանզի միանշանակ չի կարելի պնդել՝ փուլայի՞նն էր ավելի իրատեսական և օգտակար մեզ համար, թե՞ փաթեթայինը։ Խնդիրը բովանդակության մեջ էր ավելի շատ՝ զիջե՞լ, թե՞ չզիջել և հանուն ինչի կամ ինչի՞ դիմաց զիջել։ Իսկ մեթոդները կարող էին տարբեր լինել։ 

Հրաժարականից ամիսներ առաջ՝  1997 թվականի նոյեմբերի 1-ին հայաստանյան  մամուլում լույս տեսավ Տեր-Պետրոյանի  աղմկահարույց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որտեղ նա պնդում էր իր թեզը, թե ինչու պետք է լրջանալ և հասնել խաղաղության՝ բանակցությունների միջոցով զիջելով Արցախը։ Այստեղ ՀՀ առաջին նախագահը փորձում էր համոզել հանրությանը, որ «խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն, այլ խոսքը վերաբերում է «Ղարաբաղը հայկական պահելուն», և որ հնարավոր չէ հավերժ պահել ստատուս-քվոն՝ չլուծելով, ի վերջո, այդ հարցը, որը հանգեցնելու է մի օր պատերազմի»։ 

Այդպես էլ եղավ, իհարկե։ Ցավոք:

Հենց այս հոդվածն էլ  ինչպես հաջորդ օրերի մամուլում, այնպես էլ  ներիշխականական կուլիսներում իրարանցում և խառնաշփոթ էր առաջացնել՝  քաղաքական կոնֆլիկտ հարուցելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և Հայաստանում տեղավորված  ղարաբաղյան գործիչների և տերպետրոսյանական իշխանության միջև։ Ի վերջո, մաքսիմալիստ «ոչմիթիզականները» հրաժարական պարտադրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է, իրականում, ծախում այն»,- իր հրաժարականի տեքստում ասաց Տեր-Պետրոսյանը՝  թողնելով, որ կյանքը ցույց տա իր խոսքերի իսկությունը։ Իսկ կյանքը տարիներ անց ցույց տվեց՝ ով ծախեց Արցախը։

Հրաժարականին հաջորդած քսան տարիների ընթացքում, երբ դեռ ոչ ոք չէր ծախել Արցախը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ բանակցություններ էին վարում արցախյան խնդրի կարգավորման շուրջ՝ ձգտելով հասնել օպտիմալ, բայց ոչ տերպետրոսյանական լուծման, ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին հրաժարվում իրենց թեզից՝ փորձելով ամեն գնով ապացուցել, որ Լևոնը ճիշտ էր, իսկ դուք բոլորդ՝ սխալ։

2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում և նույն թեզերով  իշխանության համար պաքարող Նիկոլ Փաշինյանը, տասը տարի անց գալով իշխանության, ապացուցեց Տեր-Պետրոսյանի թեզը «ճիշտ էր»՝ պետք է Արցախը տալ, որ «հանգիստ ապրենք», որովհետև դա է պահանջում «պատմական ճշմարտությունը» և միջազգային հանրությունը։ Այլ հարց է, որ Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր քաղաքական կնքահորը՝  նա Արցախը հանձնեց փաթեթով, միանգամից և ամբողջովին, հազարավոր զոհերն էլ՝  հետը։ Առանց որևէ տեղ ու շանս թողնելու, որ Արցախում ապրեն հայեր, ինչպես պարտադիր պնդում էր Տեր-Պետրոսյանը, ավելին՝ ամեն օր նոր քայլերով փորձելով ի սպառ մեր հիշողությունից վերացնել հայկական Արցախը:

Եվ հիմա բոլորը, նույնիսկ մաքսիմալիստ “ոչմիթիզականները» երանի են տալիս Տեր-Պետրոսյանի առաջ քաշած լուծմանը՝ թող էլի տային Արցախը, բայց պահպանեինք այն որևէ կարգավիճակով, չունենայինք այսքան զոհ և ունենայինք գոնե կայուն խաղաղոթյուն։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ և ձեռամբ չունենք Արցախ, չունենք խաղաղություն, չունենք կայունություն, բայց ունենք հազարավոր զոհեր և նոր պատերազմի ամենօրյա վտանգ։ Այսինքն՝ Արցախը հանձնեցինք, բայց հանուն ոչնչի։

Լևոն Տեր-Պետրոսյանի այն կանխատեսումը, թե «կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար և ով է, իրականում, ծախում այն», դրանից քսան տարի անց իրականություն դարձավ․ կյանքը ցույց տվեց, թե ով ինչ էր արել Արցախի համար և ով փաթեթով և վերջնական ծախեց Արցախը։ Սա նշանակում է, որ Լևոնը այս հարցում իսկապես ճիշտ էր, իսկ ովքե՞ր էին սխալ․ հավանաբար բոլորը, նույնիսկ ինքը՝  Նիկոլին նույն հարթակում իր կողքը կանգնեցրած Լևոնը։

Վահե Մակարյան