Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Նիկի» կուսակցության առաջնորդի հետ

Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է  «Նիկի» կուսակցության առաջնորդի հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Նիկի» կուսակցության առաջնորդ Դիմիտրիս Նացիոսի հետ։ Հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Մկրտչյանը նախ շնորհավորել է հույն խորհրդարանակնին՝ համապետական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնում ընտրվելու կապակցությամբ։ Այնուհետև Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր՝ ռազմավարական, մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերին, որին հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով։

Դիմիտրիս Նացիոսը իր զորակցությունն է արտահայտել Հայաստանի նախաձեռնություններին և վստահեցրել է, որ «Նիկի» քաղաքական ուժն այսուհետ ևս լիովին աջակցելու է դրանց։