Փաշինյանը և ԱԳ նախարարը պետք է հրաժարական տան 

Փաշինյանը և ԱԳ նախարարը պետք է հրաժարական տան 

Հայաստանում անհանգստացած են․ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ ասվում է․ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։

ՀՀ ԱԳՆ-ն նշել է նաև, որ չնայած Երևանի ձգտումներին` մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու, Բաքուն կրկին պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն և Հայաստանին մեղադրում «տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն ուղղված նենգ քաղաքականության» համար։ 

Ի՞նչ է ստացվում. իշխանականների գլխավոր թեզը, թե խաղաղություն տարածաշրջանում հնարավոր է, և Ադրբեջանը պատրաստ է «խաղաղության պայմանագիր» ստորագրել, նախօրեին ՀՀ ԱԳՆ կողմից փաստացի կասկածի տակ առնվեց, եթե չասենք՝ հերքվեց, քանզի գերատեսչությունը բացահայտ խոսում է օպոնենտի՝ Հայաստանի դեմ ագրեսիա նախապատրաստելու մասին:  

Արդյո՞ք սա գնահատական է ոչ միայն Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Այս հայտարարությունից հետո ԱԳՆ–ն՝  նախարարի գլխավորությամբ պետք է հրաժարական տա, կամ հրաժարականի կոչով հանդես գա և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանն էլ իրենց հետ միասին հրաժարական տա, քանի որ դա իրենց կատարած քաղաքականության տապալման ուղիղ հետևանքն է»,- ասաց Մաթևոսյանը։

Նրա խոսքով` իշխանության կարևորագույն մարմիններից մեկը՝ ԱԳՆ–ն ասում է, որ նոյեմբերից հետո հնարավոր է պատերազմ լինի և դա այն պայմաններում, որ այդ մարդիկ ասում են, որ պատրաստ են մեկ ամսում «խաղաղության պայմանագիր» ստորագրել: Դա, ըստ Մաթևոսյանի, խոսում է նրա մասին, որ իրենք՝ որպես քաղաքական թիմ, տապալված են, բանկրոտ են։

«Ես կհավելեի, որ Ալեն Սիմոնյանը վերջերս ասել է, որ ռուսները գցել են մեր ժողովրդին, դրանից մի քանի օր անց Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ մեր ժողովրդին և կառավարությանը «գցել են» նաև թուրքերը, որովհետև 2022թ․ ամռանը պայմանավորվածություն կար սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, բայց թուրքերը դա չեն արել։ Ի՞նչ է ստացվում, Ադրբեջանը «գցել է», Թուրքիան «գցել է», ռուսները ևս մարդկանց «գցել են», ամենայն հավանականությամբ եվրոպացիներից էլ կբողոքեն, ամերիկացիներից էլ»,– նշեց քաղաքագետը։

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ եթե այս մարդկանց բոլորը «գցել են», էլ ինչի՞ համար են իրենք անհրաժեշտ։ Առավել ևս, որ որոշ ՔՊ-ական պատգամավորներ, հաշվի առնելով նրանց արձագանքը, որ եթե խաղաղության գինը Սահմանադրության փոխելն է, դրան ամենևին էլ դեմ չեն:

Ինչ վերաբերում է բազմաչարչար «խաղաղության պայմանագրին», Մաթևոսյանն ասաց, որ իշխանականներին ոչ ոք չի էլ հարցնելու՝ կնքվելու է, չի կնքվելու, քանզի իրենցից, առավել ևս իրենց հայտարարություններից ոչինչ կախված չէ։

Եվս մեկ խնդրի անդրադարձանք՝ ՀԱՊԿ-Հայաստան. Այստեղ էլ, ըստ Մաթևոսյանի, ամեն ինչ պարզից էլ պարզ է.

«Նկատե՞լ եք, որ ՀԱՊԿ–ում գլոբալ արդեն չեն էլ արձագանքում ՀՀ քայլերին, այսինքն, հիվանդագին արձագանքներ չկան: Նույն Բելառուսից եկած արձագանքները, մասնավորապես՝ Լուկաշենկոյի մասով Նիկոլ Փաշինյանի այդ ուլտիմատումը, մեղմ ասած, շատ հանգիստ ընդունվեց: Այսինքն՝ մենք մնում ենք միայնակ մեր խնդիրների հետ»,– հավելեց Մաթևոսյանը։

Մարիաննա Արամյան