Ուզում է ԵՄ դեսպանին հանդիպի, թե ԵՄ դեսպանի մորքուրին՝ բոլոր քայլերն առ ոչինչ են․ Զոհրաբյան 

Ուզում է ԵՄ դեսպանին հանդիպի, թե ԵՄ դեսպանի մորքուրին՝ բոլոր քայլերն առ ոչինչ են․ Զոհրաբյան 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին։ Սա պարզապես պրոտոկոլային հանդիպում է։ Ուզում է Հայաստանում Ղրղզստանի դեսպան նշանակվեր կամ ցանկացած այլ երկրում, այդ պրոտոկոլային հանդիպումն ամեն դեպքում պետք է կայանար։ Հայաստանում ԵՄ դեսպանը, իմ կարծիքով, որոշում կայացնելու լծակներ չունի, այդ պատճառով այս հանդիպումը պարզապես արարողակարգային բնույթ էր կրում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«ԵՄ դեսպանը պարզապես որոշումները Հայաստանին հասցնելու խողովակ է: ԵՄ-ն առ այս պահը կարևորագույն որոշումը չի կայացրել, այն է՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ ԵՄ-ի կողմից այդ որոշումը չի կայացվել, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ դեսպանին, նրա մորաքրոջը կամ բաջանաղի քեռուն, կամ գուցե հանդես կգա ինչ-որ լալահառաչ տեքստերով՝ այդ ամենը պարզապես առ ոչինչ են»,- ընդծեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ պետք են ռեալ պատժամիջոցներ և քայլեր՝ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը դատապարտելու համար․

«Մինչ այս պահը ԵՄ-ն և միջազգային բոլոր կառույցներն իրենց խոսույթներում չեն օգտագործում էթնիկ զտում, ոճրագործություն, բռնի տեղահանված և «ռազմական հանցագործություն» տերմինները։ Այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին Արցախում, հստակ էթնիկ զտում է, և քանի դեռ ԵՄ-ն այդ իրավական եզրույթները չի օգտագործում, այդ ամենն ընդամենը մեկ բաժակ թեյի և սուրճի շուրջ ֆոտո ստանալու համար տեղի ունեցած հանդիպումներ են»,- եզրափակեց Զոհրաբյանը։  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների ֆոնին՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները Կիևում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումներ ավելացնելու և Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցերը։

Մարիա Զարգարյան