Արցախը նշաձող չունի իջեցնելու. Դավիթ Բաբայան․ Galatv.am

Արցախը նշաձող չունի իջեցնելու. Դավիթ Բաբայան․ Galatv.am

Մենք դեմ չենք երկխոսությանը, միշտ էլ ողջունել ենք այն երկխոսությունը, որը կբերի կայուն խաղաղություն: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել Արցախի հաշվին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հաշվին, Galatv.am-ի   հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Սա կարմիր գիծ է, որի հատումը կբերի անկանխատեսելի հետևանքների։ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները՝ 5 կետ կլինի 7, թե 17, մենք ունենք միայն մեկ կետ՝ չենք լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի բախտն ու ճակատագիրը որոշում է համայն հայությունը, առաջին հերթին Արցախը: Այդ գիծը տանելու ենք մինչև վերջ, որովհետև իսկապես Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը և ինչ-որ տեղ նաև միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը»,- ասել է նա

Բաբայանի խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները սերտորեն փոխկապակցված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ, բայց, այնուամենայնիվ, առանձին գործընթացներ են:

«Ադրբեջանն ուզում է մեկը մյուսի հետ այնպես կապել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով՝ հասնի նրան, որ Հայաստանը Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Ես չեմ կարծում, որ սա հնարավոր է, որովհետև սա բերելու է Արցախի կործանմանը, չկա Արցախ, չկա Հայաստան: Ադրբեջանը Արցախին ծանր վիրավորում է հասցրել, մենք տարածքներ ենք կորցրել, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենք, բայց Արցախը կա, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ Արցախը միշտ մնա, իսկ Արցախը մի դեպքում կմնա, երբ չլինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը:

Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնել, հայտարարեց.

«Արցախը այլևս նշաձողեր չունի իջեցնելու, ունենք կարմիր գիծ, որով պիտի առաջնորդվենք: Միջազգային հանրություն խայտաբղետ հասկացություն է. իհարկե միջազգային հանրության մի մասը ուզում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում և կործանվի: Բայց կան նաև երկրներ, ովքեր չեն ուզում Արցախի կործանումը: Մենք պետք է փրկենք մեր երկիրը, այլ ոչ թե մտածենք աշխարհաքաղաքական դիվիդենտ շահելու, այս կամ այն երկրի դեմ պայքար իրականացնելու մասին, դրա համար ունենք բոլոր հիմքերը՝ պաշտպանենք այն, ինչ ունենք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։