Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը դատի է տվել ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանին և Արսեն Թորոսյանին

Blog Image

Գործարար Սամվել Կարապետյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։

Կարապետյանը պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։

Արսեն Թորոսյանը Ազգային ժողովի ամբիոնից ասել էր. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։ Գործարարը պահանջում է, որ Թորոսյանը հրապարակային ներողություն խնդրի այս հայտարարության համար։

 

Հայկ Կոնջորյանը հայտարարել էր. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք... վեր ընգեք տեղներդ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես՝ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։

Կարապետյանը պահանջում է, որ Հայկ Կոնջորյանը  հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, որ  Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով «տրոյական ձիու» կամ «տրոյական վեղարի» սկզբունքով։ Պահանջում է հերքել նաև, թե Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն։

Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը News.am կայքի հետ հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Send