Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ Վերլուծական MediaHub TV

Հայ հանրությունը տգետ ու հիմար չէ, ուղեղն էլ թեփ չէ, որ հավատա խաղաղության անհեթեթ օրակարգին

5000 հայ զինվորի կյանք խլած,  Հայաստանի ինքնիշխան տարածքից 240 քկմ զավթած, Արցախը հայաթափած ու բռնազավթած Ադրբեջանի հետ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև «խաղաղությունն արդեն տեղ է հասել»։ Դրա մասին դեռ օգոստոսի 20-ին է Փաշինյանն աչքալուսանք արել՝ հայտարարելով. «Խաղաղությունը հաստատված է»։

Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցերով եղել են Երևանում ու Բաքվում։ Հասել ենք մի կետի, երբ հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն համոզել հայ ժողովրդին, որ ադրբեջանցիները մեր թշնամին չեն, նրանք  բոբո չեն, ցեղասպան չեն։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում շարունակում են Հայաստանն անվանել Արևմտյան Ադրբեջան, հայտարարել, որ այն իրենց պապերի  երկիրն է, որտեղ նրանք անպայման վերադառնալու են  ու «Սևան չի, Գյոյչյա է»։ Մանկապարտեզներում ու դպրոցներում էլ բերամդրում են հային ստորացնելու ներկայացումներ՝ հայ զինվորը գերի է, պարտված է։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Սևանը Գյոյչա անվանելու Ալիևի նկրտումների մասին «Mediahub»-ին պատմեց, որ նոյեմբերի 3-ին՝ Ադրբեջանի ԳԱԱ-ի 80 ամյակին,  Իլհամ Ալիևը  բոլոր կառույցներին պետական հրահանգ է իջեցրել Հայաստանի տարածքը ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»։

«Հայաստանի Հանրապետության տարածքը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած անունով ներկայացնելը հստակ զավթողական նպատակ ունի։ Ալիևն ու մյուս պաշտոնյաները դա բնավ չեն թաքցնում։ Պետական մի ամբողջ համակարգ է գործում՝ ցույց տալու, թե իբր Հայաստան  պետությունը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա, իբր ադրբեջանցիներն այստեղ դարերով են ապրել, բնիկ են, և եկվոր հայերն ադրբեջանցիներին այս տարածքից քշել ու ցեղասպանել են»,- Ադրբեջանի պետական, հասարակական, կրթական համակարգերում խիստ արդիական խոսույթն ու տրամադրությունները ներկայացրեց Տաթև Հայրապետյանը։

Բաքվից եկած հայկական ՀԿ-ների ղեկավարները հայտարարեցին, որ 35 տարվա երկաթե վարագույրն արդեն փլուզվում է, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը ստեղծված է, հայ և ադրբեջանցի հասարակությունների, փորձագետների, մեդիայի հետ երկկողմանի խաղաղասիրական աշխատանք է տարվելու։

«Կեղծ, անհեթեթ օրակարգերին արձագանքելն  անիմաստ է։ Մեր խնդիրն է ձևավորել այլ օրակարգ։ Առաջիկա ընտրություններին հայտ ներկայացնող քաղաքական ուժերը  պետք է այդ  խնդիրների լուծման իրենց տեսլականն առաջարկեն»,- նկատում է  Տաթև Հայրապետյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ Փաշինյանը շռնդալից նվաստացումը ներկայացնում է  որպես բացառիկ ձեռքբերում, բայց ժողովրդի մեծամասնությանը դա չի հետաքրքրում։ Մարդիկ հիմար չեն,  հասկանում են, որ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է, լուրջ գործիչներ ու խելամիտ լուծումներ են պետք։

 

Send