Ավելի ճիշտ կլինի ստեղծել Իրան-ՀՀ-ՌԴ առանցք, որը կունենա թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ուղղվածություն. իրանագետ

Ավելի ճիշտ կլինի ստեղծել Իրան-ՀՀ-ՌԴ առանցք, որը կունենա թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ուղղվածություն. իրանագետ

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին օրերս տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Իրանը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն Արցախի ժողովրդի իրավունքները։

«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն: Նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրականություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել»,- ասել էր դեսպանը։

Ադրբեջանական կողմը սուր արձագանքեց այս հայտարարությանը ԱԳՆ մակարդակով: Հաջիզադեն, մասնավորապես, նշել էր, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն»։

«Ըստ էության, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մեկնաբանությունն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցով տեղավորվում է այս պետության հոգևոր առաջնորդի հայտարարությունների համատեքստում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ավարտին մոտ Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենին հայտարարեց, որ պետք է երաշխարորվի, պաշտպանվի արցախահայության իրավունքը և անվտանգությունը, հետևաբար Իրանի դեսպանը և ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա կամ դիվանագետ առաջնորդվում, ուղորդվում է հենց հոգևոր առաջնորդի նախանշածի սահմաններում: «Ուստի որևէ զարմանալու բան այստեղ չկա և պետք է խոսել այն մասին, որ դեսպանը, այո, կատարեց շատ ողջամիտ, նաև բարոյականության սահմաններում տեղավորվող հայտարարություն, որովհետև իրանական քաղաքականության համար շատ կարևոր է բարոյականության նորմերի պահպանումը: Հետևաբար այդ հայտարարությունը տեղավորվում է հոգևոր առաջնորդի նախանշած սահմաններում»,- նշեց Ոսկանյանը: 

Իրանագետը նաև հավելեց, որ ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբին դա չէր կարող դուր գալ և հետևաբար բողոքի հայտարարություններ եղան կապված դեսպանի ասածների հետ, որոնց, ըստ իր կարծիքի, իրանական կողմը որևէ ուշադրություն չի դարձնելու, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն ժամանակները չեն ապրում՝ մինչ օրս Իրանում Ադրբեջանը փաստացիորեն չունի դեսպանի ներկայություն, միայն դեսպանության շենքն է: 

Հիշեցրեցինք՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 23-ից 25-ը համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրեցին բռնազավթված տարածքներում, ապա հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ընկալվեցին այդ զորավարժությունները իրանական կողմից:

«Տեսեք, շատ կարևոր մի հանգամանք կա, որը մենք պետք է մատնանշենք: Արցախի Հանրապետության տարածքը բռնազավթված է: Իրենք, ըստ էության, այդ բռնազավթված տարածքում իրականացրել են էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից: Ինչ վերաբերվում է զորավարժություններին, ապա իրանական կողմը պաշտոնական մակարդակով չեմ կարծում, թե դրան լուրջ է վերաբերվել: Բայց ակնհայտ է, որ Իրանում, մեղմ ասած, չեն կարող աչք փակել այդ հանդուգն քայլերի վրա, որոնք իրականացնում են Բաքվի և էրդողանական վարչախմբերը, որոնք ուղղված են թե՛ Հայաստանի  Հանրապետության, թե՛ Իրանի դեմ: Բնականաբար, այս համատեքստում էլ խնդիրները այնքան բարդ են, որ դժվար հնարավոր լինի առաջիկայում լուծել դրանք և սպասել որոշակի փոփոխություններ»,- ասաց Ոսկանյանը:

Նա նաև հավելեց, որ Բաքվի քարոզչամեքենան փորձում է ֆոն ստեղծել, թե իրենք կառուցողական են տրամադրված Իրանի հետ հարաբերություններում, փորձում են այդ «կառուցողականությունը» օգտագործել ՀՀ-ի դեմ, հատկապես իրենց երազանքի թուրանական միջանցքը ստանալու գործում, երբ խոսում են, թե, իբր, եթե Հայաստանը չտա այդ ճանապարհը, իրենք այդ ծրագիրը կիրականացնեն Իրանի տարածքով: 

«Այս ամենն օգտագործվում է բացառապես ոչ թե Իրանի հետ կառուցողական հարաբերություններ ունենալու մտայնությամբ կամ նպատակով, այլ նաև հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու մտայնությամբ, ուստի չպետք է լուրջ ուշադրություն դարձնել ադրբեջանական կողմի քայլերին, և Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է զարգացնել քաղաքակրթական դաշինքի տրամաբանության մեջ: Մի տրամաբանություն, որն ընկալելի, ընդունելի է նաև Իրանում»,- նշեց իրանագետը:

Արդյո՞ք կհաջողի 3+3 ձևաչափը և կօգնի լուծել տարածաշրջանային առկա խնդիրները (իրականում 3+2, քանի որ այսօր վրացական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է մաս կազմել այդ ձևաչափի):

«Ձևաչափի շուրջ առաջին իսկ խոսակցությունների մասին խոսելիս ես հստակորեն արձանագրել եմ, որ վրացական կողմը որևէ պարագայում չի մասնակցելու այդ ձևաչափին և դա ունի այդ կողմի համար տրամաբանական պատճառ և քաղաքական գիծ, որը վրացական իշխանությունները շարունակում են, և որը չի տեղավորվում այս ձևաչափի տրամաբանության մեջ: Հետևաբար, ամենևին էլ զարմանալի չէ, որ պաշտոնական մակարդակով էլ այդ մասին հայտարարվել է: 

Ինչ վերաբերվում է փաստացորեն 3+2 ձևաչափին, ապա իրանական կողմին դա հնարավորություն է տալիս որոշակի մասնակցություն ունենալ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, հատկապես հաշվի առնելով այն, որ Թուրքիան է հայտնվել մեր տարածաշրջանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ոսկանյանը նաև ընդգծեց, որ եթե գործընթացը փորձենք դիտարկել Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ որևէ ձևաչափ, որտեղ կա թուրքական ներկայություն, չի կարող ձեռնտու լինել հայկական պետության համար: 

«Ուստի կարծում եմ, այս պարագայում շատ ավելի ճիշտ ձևաչափ կլինի ստեղծել Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցք, որը կունենա թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ուղղվածություն, հաշվի առնելով նաև Իրանի շահագրգռվածությունը այս տարածաշրջանում ավելի լուրջ դերակատարություն ստանալու հարցում: Եվ այստեղ Հայաստանը կարող է հանդես գալ որպես կարևոր գործընկեր թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմի համար, բարձրացնելով նաև իր աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը: 

Կարծում եմ, որ այդ ձևաչափը կշարունակի գոյությունը, բայց ինչ-որ լուրջ սպասումներ տվյալ ձևաչափից պետք չէ ունենալ: Առկա է թուրքական կողմի ներկայություն, որը որևէ պարագայում չի կարող ձեռնտու լինել ՀՀ-ին: Ինչ վերաբերվում է իրանական կամ ռուսական կողմի շահագրգռվածությանը, ապա դա պետք է բավարարվի եռակողմ գործակցությամբ և կարծում եմ, որ Հայաստանի համար դա շատ ավելի ձեռնտու է»,- հավելեց Վարդան Ոսկանյանը: 

 

Ռեբեկա Հովհաննիսյան