ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը կարող են ազդել նաև Ռուսաստանի վրա

ԱՄՆ-ը պատրաստվում է ներմուծման նոր մաքսատուրքեր մտցնել ապրիլի 2-ից, և Ռուսաստանը կարող է լինել այն երկրների թվում, որոնց վրա այդ միջոցները կտարածվեն, գրել է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է այսպես կոչված «փոխադարձ մաքսատուրքեր» կիրառել ԱՄՆ-ի հետ մշտական առևտրային անհավասարակշռություն ունեցող երկրների նկատմամբ։ «Դրանց թվում են, ի թիվս այլոց, Մեծ քսանյակի երկրները, ինչպես նաև Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Եվրամիությունը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ռուսաստանը, Վիետնամը և այլ երկրներ»,- ասել է պլաններին ծանոթ աղբյուրը։
«Այդ երկրները կազմում են ԱՄՆ արտաքին առևտրի հիմնական մասը և հատկապես խոցելի կլինեն նոր մաքսատուրքերի նկատմամբ»,- հավելել է աղբյուրը։
Ըստ թերթի՝ մաքսատուրքերը ոչ թե անմիջապես կներդրվեն բոլոր երկրների և ոլորտների վրա, այլ նպատակային հիմունքներով. ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կազմված այսպես կոչված «կեղտոտ տասնհինգ» ցուցակը կդառնա հիմնական ուղենիշը։ Միևնույն ժամանակ, վերջնական որոշումները մնում են ճկուն:
Որոշակի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլները, դեղագործությունը և կիսահաղորդչային արդյունաբերությունը, մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն՝ չնայած ապրիլի 2-ից դրանք կիրառելու նախագահի ավելի վաղ ստանձնած պարտավորությանը: Անորոշ է մնում նաև Կանադայի և Մեքսիկայի դեմ մաքսատուրքերի ճակատագիրը։
Սպիտակ տան թիմերը դիտարկում են անհապաղ նոր միջոցներ ձեռնարկելու մասին՝ օգտագործելով նախագահի արտակարգ տնտեսական լիազորությունները, ասել են աղբյուրները: