Հինգ երիտասարդներ Արգավանդի բնակչի տանից գողացել էին փող, համակարգիչ և այլ իրեր

Հինգ երիտասարդներ Արգավանդի բնակչի տանից գողացել էին փող, համակարգիչ և այլ իրեր

Տարեսկզբին ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ հաղորդման՝ դուռը հրել-բացելու եղանակով մտել էին Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի տներից մեկը, խառնել ննջասենյակի իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել էին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն, իրավապահները պարզել են, որ բնակարանից գողացել են փող, համակարգիչ և այլ իրեր։

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողների ինքնությունը. 20-ից 24 տարեկան հինգ երիտասարդ էին՝ 4-ը Մրգաշատ, 1-ը՝ Արգավանդ գյուղի բնակիչ։ 21-ամյա և 23-ամյա երիտասարդները ապրիլի 10-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրանք խոստովանել են, որ նշված տնից գողացել են համակարգչային տեխնիկա։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդներից երկուսը այլ քրեական վարույթի շրջանակում տնային կալանքի մեջ են։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ համակարգիչը հայտնաբերվել է։

Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։