Փաշինյանի վտանգավոր ակնարկը 

Փաշինյանի վտանգավոր ակնարկը 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրվա ընթացքում հեռախոսով խոսել է հարևան երկրների ու գերտերությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց փոխանցելով, որ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու նպատակով։

Կառավարությունը հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցների մասին։

Ըստ շրջանառվող լուրերի, այսօր տեղի է ունենալու Փաշինյան- Էրդողան հեռախոսազրույցը: Այս ամենի մեջ ուշագրավ է երկու հանգամանք:

Բացակայում է հեռախոսազանգը Ռուսաստան, որը ֆորմալ առումով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Ինտրիգը կայանում է նրանում, որ ռուս- հայկական հարաբերությունները գտնվում են խորքային ճգնաժամի մեջ ու այս համատեքստում անհասկանալի է՝ Փաշինյա՞նը չի ցանկացել զանգահարել Մոսկվա, թե՞ Մոսկվայում են անպատասխան թողել նրա զանգերը:

Մյուս ուշագրավ հանգամանքը պակաս ինտրիգային չէ:

Փաշինյանը միջազգային բոլոր գործընկերներից ակնկալել է «հրատապ հանդիպում» կազմակերպել Ալիևի հետ: Մի կողմից, սա բնական է պատերազմից «5 րոպե պակաս» ռեժիմում գտնվող երկրի համար, մյուս կողմից՝ պարզ է, որ սա նման է մի իրավիճակի, երբ Փաշինյանը հրաժարվում է ժամանակ ձգձգելու մարտավարությունից ու համաձայնում է ընդունել Բաքվի օրակարգը: Սա էլ է բնական պարտված երկրի պարագայում, բայց կոնտրաստի մեջ է մտնում, օրինակ, այն ագրեսիվ քաղաքականության հետ, որը Փաշինյանի թիմը վարում է Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Արդյո՞ք Հայաստանին սպառնում է նոր նվաստացուցիչ փաստաթուղթ, թե՞ Փաշինյանը դարձյալ ժամանակ է ձգձգելու՝ լեգիտիմացնելով Բաքվի պատերազմի ցանկությունը:

Վահրամ Բագրատյան