«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին բացահայտ խոստովանեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, սակայն Արցախում դեռ կան նիկոլահպատակներ, որոնք ծառայություններ են մատուցում Արցախը հանձնողին։
Նախօրեի ուշ գիշերը Արցախի խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում համատեղ հայտարարություն ընդունվեց, Արցախի Հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրվել է մոնտաժված՝ դուրս են թողնվել Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցրած պատգամավորների ելույթները։
Խոսքն «Ազատ հայրենիք» իշխանական ֆրակցիայի պատգամավոր Աշոտ Դանիելյանի մասին է, ով իր ելույթում «կապիտուլյանտ» բնորոշումը տվեց, ընդ որում՝ մի քանի անգամ։
Մյուսն «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթն է, որտեղ նա հայտարարեց, թե դեռ ապրիլի 14-ին է ասել ու հիմա էլ կրկնում է՝ «ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչի, պետական դավաճան է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական էմիրություններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից: Այս մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, այցի հաշվետվությունը ներկայացնելիս:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում, մայիսի 7-10-ը գործուղման մեկնելու ժամանակ է Քերոբյանը ստորագրել հուշագիրը այլ նախարարության անունից: Հավելենք, որ ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում էլ է Քերոբյանը կրկին ԱՄԷ-ում եղել, սակայն Դուբայ քաղաքում: Այս այցելության համար էլ ավիատոմսի արժեքը կազմել է 218 հազար դրամ, գիշերավարձը՝ 96 հազար դրամ (2 օրվա համար), օրապահիկը՝ 147 հազար 573 դրամ (3 օրվա համար)։ Ընդհանուր առմամբ, նշվում է, որ ծախսը կազմել է 462 հազար դրամ: Իսկ որքանո՞վ են արդյունավետ եղել պետբյուջեի հաշվին կատարված այցերը: Մայիսի 3-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նախարար Քերոբյանը մայիսի 7-10-ը էլի մեկնել է Աբու Դաբի՝ Արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության հրավերով: Այնտեղ նա մասնակցել է «Ամենամյա ներդրումային համաժողով-2023»-ին: Իր հաշվետվության մեջ նախարարը երկար բացատրել է, թե ովքեր են ելույթ ունեցել, կամ ինչ հարցեր են քննարկվել: Ամենաուշագրավը թերեւս արդյունքների մասին հաշվետվությունն է, որտեղ նշվում է, որ ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքվել է հանդուրժողականության ոլորտում փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն սոցապնախարարության հուշագրի հետ: Եթե նա համատեղության կարգով նաեւ սոցապնախարար չէ, ինչո՞ւ է ստորագրում փաստաթուղթ Սոցապնախարարության անունից: Սա էլ երեւի Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ժողովրդավարության յուօրինակ դրսեւորում է, որտեղ չկա հայտնի պոզով, պոչով կոռումպացված կենդանին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած մտքերը անակնկալի են բերել նաեւ շատ ՔՊ-ականների, թեեւ տարբեր հանդիպումների ժամանակ Փաշինյանը թափանցիկ ակնարկներով ասել է, թե ինչ ողբերգություններ են մեզ սպասվում: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 ք/կմ-ի սահմաններում, ապա դա ներառում է նաեւ Արցախը եւ անկլավները:
Բանն այն է, որ մինչ այս Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ պարբերաբար խոսել է Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին, ասել է, որ վիճակը ծանր է, Հայաստանը մանեւրելու տարբերակներ է փնտրում, բայց հստակ չի ասել այն, ինչ ասել է իր ասուլիսի ժամանակ։ Ստացվում է՝ ՔՊ-ականներն էլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ են առաջին անգամ լսել այդ ճակատագրական հայտարարությունները: Փաշինյանի ասուլիսից հետո ՔՊ-ականները խառն են, ներսում տարբեր խոսակցություններ են գնում, անգամ առանձին զրույցների ժամանակ դժգոհություններ են հայտնում իրավիճակի անելանելիության մասով: Ասուլիսից հետո էլ ՔՊ-ականները տեղները չեն գտնում, մտածում են՝ ինչպես Փաշինյանի հայտարարությունների տակից դուրս գան, ինչպես մեկնաբանեն դրանք:
Ստացվում է՝ հայտարարություններ անում է Փաշինյանը, բայց կրակն են ընկնում ՔՊ-ականները ու պիտի պատասխանատվություն կրեն չիմացածի համար:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում գոյություն ունի ՀՀ նախագահի ինստիտուտ. նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատուրյանը, սակայն հանրության մոտ հարցեր են առաջանում. երկրում ստեղծված այս ճակատագրական իրավիճակում ո՞ւր է նա, ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ որեւէ կերպ չի անդրադառնում երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձություններին կամ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններին:
«Ժողովուրդ»
օրաթերթի տեղեկություններով՝ Խաչատուրյանն անգամ նախագահականում որեւէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, հիմնականում դակում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը, օրենքները, նշանակումները, տարբեր մշակութային միջոցառումների է մասնակցում, խելացի դեմքով շրջում թանգարաններում եւ վերջ. այսքանով նրա գործունեությունն ավարտվում է՝ չհաշված երբեմն գործուղումների մեկնելը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ իշխանական գործիչների մեծ մասն է դեմ Վահագն Խաչատուրյանի այս անտարբեր աշխատաոճին։
Շատ իշխանականներ այն կարծիքին են, որ պետք չէ ունենալ ՀՀ նախագահ, որն առանձնապես կարեւոր գործով զբաղված չէ, բայց նրա վրա 2-3 մլրդ դրամ տարեկան գումար է ծախսվում՝ աշխատավարձ, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ… Հանրության մոտ հարց է առաջացել՝ ինչու է Վահագն Խաչատուրյանը, օրինակ, երեկ մեկնել Քաթար՝ գործուղման, կամ, չգիտես՝ ինչու, ուրբաթ օրը Մհեր Գրիգորյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր «Ուիգմոր» հիվանդանոց, որը ասոցացվում է Ավանեսյանի մոր հետ:
Ստացվում է՝ Վահագն Խաչատուրյանը դրսում եւ ներսում տուրիստի դեր է կատարում, ու կարող ենք արձանագրել, որ նա ՀՀ ամենաբարձրաստիճան տուրիստն է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում