Ալիևը «մարսեց» իր սադրանքները

Ալիևը «մարսեց» իր սադրանքները

Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Բրյուսելում Ալիևի հետ համաձայնության չեն եկել Քարագլուխ բարձունքի շուրջ ծավալվող ճգնաժամի մեկնաբանության հարցում։  Հայաստանի վարչապետը պնդել է, թե պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ. «Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»:

Փաշինյանի երեկվա խոսքերն առնվազն նշանակում են, որ Ալիևը Բրյուսելում «մարսել» է Արցախում իր վերջին սադրանքները։ Դրանց մասին, մեծ հաշվով, լռում են ոչ միայն Բրյուսելում, այլ նաև Մոսկվայում։ Երբ Ալիևն ակնհայտ սադրանքների է դիմում Արցախում, հետո կարողանում է Բրյուսելում հասնել նրան, որ այդ օրակարգը շրջանցվում է, ապա ստիպված ենք արձանագրել, որ արևմտյան ուղղության վրա Բաքուն լեգիտիմացրել է իր օրակարգը։ Սա աքսոիմատիկ ճշմարտություն է, որին չեն կարողանում հակադրվել անգամ Փաշինյանի կողմնակիցները։
Ո՞րն է երաշխիքը, որ Քրագլուխ բարձունքի ճգնաժամը Փաշինյանը կարող է հաղթահարել օրեր անց, երբ այցելելու է Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։

ՌԴ ՊՆ հաղորդագրություններն, իհարկե, մոտ են հայկական օրակարգին, գնահատականներին, բայց դեռ փաստ չէ, որ Մոսկվայում Փաշինյանը հաջողելու է։ Ռուսաստանն՝ իր ռեսուրսներով, ներգրավվված է ուկրաինական պատերազմում ու նրան այս պահին ամենևին պետք չէ լարվածություն այլ տարածաշրջաններում, հարաբերությունների սրում Ադրբեջանի հետ։
Քարագլուխ բարձունքի ճգնաժամը մոտ ապագայում չի վերանալու, այն, ցավոք, «կայունանալու» միտում ունի։

Վահրամ Բագրատյան