Ի՞նչ իրավունք ունենք մեղադրելու Պուտինին կամ այլ մեկին. Բադասյանը՝ Փաշինյանի քաղաքականության մասին

Ի՞նչ իրավունք ունենք մեղադրելու Պուտինին կամ այլ մեկին. Բադասյանը՝ Փաշինյանի քաղաքականության մասին

Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, չի էլ լինի: Սա լոկ բառեր չեն: Միջազգային բոլոր նորմերով Արցախը դուրս է Ադրբեջանի կազմում լինելու պարտադրանքից և երբ հասնի այդ ներկայացնելու պահը, Արցախը պստրաստված ձևով, միջազգային բոլոր չափանիշներով և օրենքներով կկարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Այս մասին MediaHub-ին տված հարցազրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, երեկվա եռակողմ հանդիպումը ի՞նչ հետևանքներ կթողնի, ի՞նչ սպասել։

-Գիտեք, մեր ամենամեծ և հիմնական պրոբլեմը ՀՀ-ն ներկայացնող անձն է: Հարցն այստեղ իմ անձնական ատելությունը չէ այդ անձի նկատմամբ, հարցը ՀՀ-ն ներկայացնողի գիտելիքների, իրավիճակին և կոնֆլիկտային ողջ ընթացքին (սկսած 1988 թ-ից) տեղեկացված լինելն է, տվյալ լեզվով, որով արտահայտվում է, այդ լեզվին լավ տիրապետելն է, խոսելու ձևը, խարիզմատիկ տեսքը, ճկուն միտքը, պատրաստ տեղում բոլոր հարցերին կտրուկ ու տեղին պտասխանելը... ահա այսպիսի մեկն եմ ուզում, որ ներկայացնի ՀՀ-ն այսպիսի բարդ իրավիճակում: Բայց ունենք այն, ինչ ունենք. ՀՀ-ն հատնվել է լուսանցքում, լուսանցքից դեռ դուրս չի, և մեզ մնում է օգտվել համաշխարհային այս հակամարտության կողմերի թշնամական հակասություններից: Լավ կլինի, որ ներկայացնողը փոխվի:

- Շատ է խոսվում այն մասին, որ Փաշինյանը պարտվողի դերում է հանդես գալիս․ Փաշինյանն անշեղորեն գնում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ճանապարհո՞վ։

-Եթե նույնիսկ այդպես էլ չի, ապա անընդհատ ամեն ձախողումից հետո հաջորդ հանդիպմանը նորից նույն ձևով, նույն որակով, նույն անպատրաստվածությամբ, նույն պարտված ու պարտվողական կեցվածքով է. սա արդեն պետական շահերի բացահայտ ոտնահարում է, անձի շահը կարևորելով: Ստացվում է, մի ամբողջ ազգի արժանապատվություն, պետականություն, հայրենիք ստորադասել սնապարծ ու անկարող եսամոլ մեկին.

-Ըստ էության, ՌԴ նախագահ Պուտինը ևս կողմ է այս սցենարին, որովհետև երեկ հայտարարեց Փաշինյանի բառերով՝ կարևոր համարելով «այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգության» հարցը: Ստացվում է՝ Արցախը որևէ կերպ Ռուսաստանին էլ հետաքրքիր չէ՞։

-Երբ մենք պատշաճ մակարդակով ու որակով չենք ներկայանում, ի՞նչ իրավունք ունենք մեղադրելու Պուտինին կամ որևէ այլ մեկին: Արցախը բոլորին էլ հետարքիր է ու առաջին հերթին հենց ՌԴ-ին: Մենք մեզնից կախված ամեն բան չենք անում, նույնիսկ ոչ մի բան չենք անում, իսկ ավելի ճիշտ՝ մեր արածներն էլ դեմ են մեզ:

-Արցախի նախագահը հայտարարեց՝ Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Սա, ըստ էության, դեմ է բոլոր եռակողմ ու չառակողմ ձևաչափերով հանդիպումների ու բանակցությունների էությանը: Բայց ի՞նչ է անելու Արցախը, երբ փաստացի  լրիվ միայնակ է մնացել Բաքվի դեմ:

-Այո, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, չի էլ լինի: Սա լոկ բառեր չեն: Միջազգային բոլոր նորմերով Արցախը դուրս է Ադրբեջանի կազմում լինելու պարտադրանքից և երբ հասնի այդ ներկայացնելու պահը, Արցախը պստրաստված ձևով, միջազգային բոլոր չափանիշներով և օրենքներով կկարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը:

Լիաննա Թորոսյան