Մենք միաձայն կողմ ենք քվեարկել Ավինյանի թեկնածությանը․ Խաժակյան

Մենք միաձայն կողմ ենք քվեարկել Ավինյանի թեկնածությանը․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը կողմ է քվեարկել Տիգրան Ավինյանի՝ Երևանի փոխքաղաքապետ դառնալուն։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ 

Նա տեղեկացրեց, որ իրենք ավելի վաղ հանդիպում են ունեցել Տիգրան Ավինյանի հետ, ծանոթացել են նրա դիրքորոշմանը։ 

«Ես կարծում եմ, որ Երևանում առկա բոլոր խնդիրների համար անհրաժեշտ են փորձառու մարդիկ, որոնք ունեն կառավարչական փորձառություն, որ հետո էլ լրատվամիջոցները չգրեն, թե ով է անհայտ պաշտոնյան»,- նշեց նա։ 

Դավիթ Խաժակյանը նշեց՝ ուրախ է, որ հիմա ունեն փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետեր, ի տարբերություն այն քաղաքապետի, որն իր խոսքով փորձառու չէր, իմպիչմենտով հեռացվեց և հիմա էլ ընդդիմադիր լրատվամիջոցների ֆավորիտն է։ 

Դիտարկմանը, որ փորձառու քաղաքապետ ունենալն էլ չի օգնում լուծել, օրինակ, տրանսպորտի խնդիրը, Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ տրանսպորտի խնդրի լուծումները, որոնք քննարկվել են Հայկ Մարությանի գլխավորությամբ, չէին կարող բերել խորքային լուծման։ 

«Բայց հիմա այդ ճանապարհին ենք, ոնց որ լուծման ճանապարհն արդեն պարզ է»,- ասաց նա։ 

Խաժակյանը նշեց, որ 2023-ի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մասին խոսելը վաղ է, հիմա պետք է ամեն ինչ անել՝ առավելագույնս արդյունավետ աշխատելու համար։