Միկա Բադալյանը նախաինսուլտային վիճակով տեղափոխվել է հիվանդանոց․ Արսեն Բաբայան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հասարակական գործիչ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Թե ինչո՞ւ են Բադալյանին տեղափոխել հիվանդանոց, MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով Արսեն Բաբայանի հետ։
Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Միկա Բադալյանը մի քանի անգամ ունեցել է նախաինսուլտային վիճակ և տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտման։
«Երկու ամիս է, ինչ նա գտնվում է կալանքի մեջ մի հոդվածով, որով նախկինում ՀՀ-ում որևէ անձ երբևէ ազատազրկված չի եղել։ Եվ այս ամենի ներքո խիստ կասկածելի և անհասկանալի է կալանքի ժամկետի վերջին երկարացումը՝ 20 օր ժամկետով։ Սա ակնհայտ խոսում է այն մասին, որ Միկայի նկատմամբ իրականացվում է հստակ ու ակնհայտ քաղաքական հետապնդում»,- նշեց Արսեն Բաբայանը։
Ըստ Բաբայանի՝ սա այս մահաբեր իշխանության ձեռագիրն է՝ վնասել քաղաքական ընդդիմախոսներին՝ նույնիսկ ծայրահեղ մեթոդներով։
«Այս իշխանությունը գնում է ընդդիմախոսներին լիարժեք վնասելու ճանապարհով՝ չխնայելով նույնիսկ նրանց կյանքը»,- շեշտեց Բաբայանը։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել Երևանի Ազատության հրապարակից ապրիլի 22-ին։
Նարե Գևորգյան