Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը փաստերի ամրագրումը շփոթում է բանավեճի հետ. հիվանդության հաստատումը ոչ թե բանավեճ է, այլ դիագնոզ

Blog Image

Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ ու ամենուր, այդպես էլ իր նոր՝ «մի րոպե մի բան ասեմ», սեփական ընտրազանգվածին ուղղված ֆեյսբուքյան լայվերում ի ցույց է դնում տրամաբանության հետ ունեցած սեփական խնդիրները՝ համեմված մանիպուլյացիաներով ու բանսարկություններով (մուտիլովկա)։ Ըստ նրա՝ նախկին նախագահների բոլոր հայտարարությունները հեռակա բանավեճ են իր հետ։ Ահա հենց այստեղ է ի հայտ գալիս նրա տրամաբանական մոլորությունը, ինչն էլ բերում է սխալ եզրահանգման, քանի որ փաստի արձանագրումը ամենևին չի նշանակում բանավեճ ու չի ակնկալում հասցեատիրոջ պատասխան։

Երբ դատարանը, ապացուցված համարելով մեղադրանքները, դատապարտում է օտար պետությունների օգտին լրտեսություն իրականացնողին, դա նշանակում է ոչ թե բանավեճ վերջինիս հետ, այլ դատավճիռ։ Երբ բժիշկը հաստատում է պացիենտի հոգեկան խանգարումներով տառապելու կասկածը, դա ոչ թե բանավեճ է հիվանդի հետ, այլ դիագնոզ։ Երբ մարդիկ թքում են Մելիք Ֆրանգյուլի գերեզմանին, ապա ոչ թե ցանկանում են նրա հետ բանավիճել, այլ իրենց վերաբերմունքն են հայտնում դավաճանին։

Նույնն էլ այս պարագայում է, երբ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին համարում են ազգակործան պատուհաս կամ կապիտուլյանտ, ապա դա  ոչ թե բանավեճի հրահրում է, այլ քաղաքական գնահատական՝ հիմնված փաստերի վրա։ Իսկ փաստերը բազմաթիվ են։

Փաստ է, որ մենք ունեինք դարերով հայերով բնակեցված Արցախ, իսկ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ու օժանդակությամբ, Արցախն ամբողջովին ենթարկվեց բռնի տեղահանման (ինչի համար Փաշինյանը հրապարակավ արժանացել է Ալիևի գովեստներին)։

Փաստ է, որ մենք ունեինք Արցախի Հանրապետություն, իսկ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում ու հայտարարեց, որ զղջում է, որ ավելի վաղ չի հայտարարել Արցախը՝ Ադրբեջանի մաս լինելու մասին։

Փաստ է, որ մշտապես Արցախի ու արցախցիների իրավունքների պաշտպանությունը եղել է բոլոր նախկին նախագահների ուշադրության կենտրոնում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քանի դեռ ինքն իշխանության է, արցախցիների վերադարձի հարց չի բարձրացվելու, արցախյան շարժում չի սկսվելու, ավելին՝ դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջով։

Փաստ է, որ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված էր անվտագնային հզոր գոտի, իսկ այսօր ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, մի մասն էլ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Ալիևին՝ նախօրոք դրանք հռչակելով ադրբեջանական։

Փաստ է, որ Արցախի հարցի կարգավորման շրջանակներում քննարկվում էր Քաշաթաղն (Լաչին) ու Քարվաճառը (Քելբաջար) որպես Հայաստան-Արցախ կապ պահպանելու հնարավորությունը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը Սյունիքի մարզից միջանցք տրամադրեց թուրք-ադրբեջանական կապի համար։

Փաստ է, որ նախորդ բոլոր տարիներին ադրբեջանցիները միջազգային ատյաններում գտնվում էին բողոքողի ու խնդրողի կարգավիճակում, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ ու իր պաշտոնյաները տեղին-անտեղին քծնում են Էրդողանին ու Ալիևին՝ միաժամանակ մուրալով խաղաղության պայմանագիր։

Փաստ է, որ ժամանակին Արարատ լեռը, Հայոց ցեղասպանությունը, Հայոց պատմությունը, մեր մյուս ազգային արժեքները թուրքերի կոկորդին մնացած այն ոսկորն էին, որը չէին կարողանում կուլ տալ, իսկ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ուրանում է թե’ Արարատը, թե’ Ցեղասպանությունը, թե’ մնացյալ ազգային արժեքները, իսկ սրբադասված Մեսրոպ Մաշտոցին վերածում QR կոդի։
Փաստ է, որ Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես հանդիսացել է հայոց ինքնության պահպանման ամենակարևոր հենասյուներից մեկը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ վարկաբեկում ու հարձակվում է Եկեղեցու վրա։Փաստ է, որ այսօր Բաքվի բանտերում հալածանքների են ենթարկվում մեր հայրենակիցները, իսկ Նիկոլ Փաշինյանը վախենում է նույնիսկ գերի բառն արտաբերել։
Փաստ է, որ նախկինում ոչ մի նախագահ չի փորձել իր սեփական պատկերացումներն ամրագրել Սահմանադրությունում, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստվում է Ալիևի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրությունը, այլև սեփական կամ Ալիևի ուղեղում ծնված «իրական Հայաստան» գաղափարախոսությանը ցանկանում է տալ սահմանադրական ուժ։

Փաստ է, որ նախկին նախագահներից ոչ ոք սեռական բնույթի հայհոյանքներ չի հնչեցրել եթերում, չի փորփրել այլոց անկողինները, չի մտել մարդկանց անձնական կյանք, իսկ Նիկոլ Փաշինյանի եթերներից գարշահոտություն է փչում։

Փաստ է, որ նախկինում իշխող ողջ ֆրակցիայով չեն ընթերցել այլոց անձնական նամակները, ԱԺ նախագահի մակարդակով չեն թքել քաղաքացու երեսին, իսկ այսօր գյադայությունը վերածվել է քաղաքական վարքագծի։
Փաստ է, որ նախկին նախագահների բոլոր ուղերձներում մշտապես գերակշռել են ազգային ու պետական մտածողության ձևավորման ջանքերը, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդամենը կոչ է անում՝ «այստեղ հաց, այստեղ կաց»՝ ձգտելով Հայ ժողովրդին վերածել սպառողական զանգվածի։

Փաստ է նաև, որ պատմությունն իր էջերում չի ամրագրելու Նիկոլ Փաշինյանի «մի րոպե մի բան ասեմ» լայվերը, այլ արձանագրելու է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հռչակվեցին Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անկախությունները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատմական ահռելի ներդրում ունեցան Արցախյան ողջ շարժման ընթացքում, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները, ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը դրեց թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման սեղանին, փոշիացրեց ազգային հերոսների գործը՝ ազգային հերոս հռչակելով հարկատուներին, ուրացավ նահատակությունը, տոնախմբություններ կազմակերպելով հենց այն նույն ժամերին, երբ մարդիկ իրենց կյանքն էին զոհում հանուն ազգի, հանուն Հայաստանի ու հանուն Արցախի։

Կարեն Կարապետյան

Send