Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։

Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփել էին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չէր ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ: Գարեգին Խումարյանը ներողություն էր խնդրել լսարանից և կարծիք հայտնել, թե Հանրային ռադիոյի տաղավարում առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք, ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։

Հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ. «Ես շատ կոպիտ օրինակ բերեմ, շատ կոպիտ, ամենայն հարգանքով բոլոր երկրների նկատմամբ: Ուղղակի առակի լեզվով խոսելու տրամաբանության մեջ պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք»:

Դրանից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել էր Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։
Նշենք նաև, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝ 

Խումարյան Գարեգին Կորյունի
Հովհաննիսյան Բելա Հրաչիկի
Մանուկյան Մարիամ Վոլոդիայի
Մարգարյան Մհեր Մարտիրոսի։