Ոմանք իրենց քաղաքական գործիչների տեղ դրած, կրկնում են ադրբեջանցիների թեզերը․ Դավիթ Բաբայան

Ոմանք իրենց քաղաքական գործիչների տեղ դրած, կրկնում են ադրբեջանցիների թեզերը․ Դավիթ Բաբայան

1100 քաղաքացի, 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի․ ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

3 օր առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց՝ «կարող է այսօր ճանապարը բացվի»։ Ինչո՞ւ տապալվեցին բանակցությունները, եւ հույս կա՞, որ թշնամին կբացի հումանիտար ճանապարհը քաղաքական կռվանի վերածած Լաչինի միջանցքը։ MediaHub-ի հետ զրույցում Արցախի ԱԳ նախարարի ժ/պ Դավիթ Բաբայանն ասաց, որ հույս կար, բայց ոչ համոզմունք։ 

«Աշխատանքներ են տարվում, հիմա տեսնենք՝ ինչով է վերջանալու»,-նշեց նա։ 

Արցախ անցկացված հումանիտար օգնության մասին խոսելիս, Բաբայանը հորդորեց չխաբնվել «ֆեյք» լուրերին եւ տեղեկությունները ճշտել բացառապես Արցախի կառավարությունից։ 

«Հումանիտար օգնության մասին լուրերի կեսը սուտ է, ճշտեք կառավարությունից։ Եթե չկա պաշտոնական հայտարարություն, մի՛ հավատացեք այլ տեղեկատվությանը։ Հիմա լրահոսը հեղեղված է կեղծ լուրերով, որը չի նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց նա։ 

Օրերս Բաբայանը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ԱԺ խմբակցությունների հետ, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գոհացնում է իշխանությունների ջանքերը՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ 

«Մենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ ենք հանդիպել։ Հասկանալի է, որ քաղաքական համակարգին բնորոշ է ներքաղաքական պայքար, ինչը նորմալ է, բայց հիմա դրա ժամանաը չէ։ Արցախը պիտի լինի սրբություն ողջ հայության համար։ Արցախը պիտի վեր լինի ցանկացած հարցերից։ Մեր հիմնական մոտեցումը սա է, եւ այս ըմբռնումով ենք եկել Ազգային ժողով։ Քաղաքական ուժերը պետք է իրենց բոլոր խողովակները օգտագործեն, որպեսզի Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի»,-ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ Արցախը սրբություն է, Արցախից է կախված հայության ապագան։ 

«Մենք չենք միջամտում որեւէ ներքաղաքական գործընթացների, միայն ուզում ենք, որ ճանապարհը բացվի, Արցախը խեղդամահ չլինի։ Այս հարցերը քննարկում ենք բոլորի հետ»,-հավելեց նա։ 

-Պարոն Բաբայան, իսկ ինչու՞ Արցախը հայտնվեց այս իրավիճակում, ադյո՞ք մեղավորները ընդունում են, որ սխալվել են։ 

-Մենք այն վիճակում չենք, որ այդ հարցերով զբաղվենք, թողնենք այդ հարցերը ապագային։ Հիմա պետք է այդ ճանապարհը բացվի, սա է խնդիրը։

-Արցախը իրենց հայրենիքի մի մասը համարող մարդիկ դավադրություններ են տեսնում Լաչինի միջանցքի փակման մեջ, իսկ Դո՞ւք։ 

-Դժբախտաբար, կան մարդիկ, որոնք փորձում են ստեղծված իրավիճակը շահարկել: Որոշ լրատվամիջոցներ, իրենց քաղաքական գործիչների տեղ դրած մարդիկ, կրկնում են ադրբեջանցիների թեզերը՝ մեղադրելով ռուսներին, կարծես՝ նրանց գերնպատակը ոչ թե Արցախին օգնելն է, այլ ռուսներին վատություն անելը։ Մենք դեմ ենք նման քաղաքականությանը, մենք չէ, որ պետք է գնահատական տանք՝ Ռուսաստանը, Ամերիկան լավն են, թե վատն են. սա մեր գործը չէ։ Հիմա պետք է համախմբվենք, որ փրկենք մեր երկիրը։ Այդ մարդիկ, հասկանալով, նման թեզեր են տանում, ինչը նշանակում է, որ աշխատում են ազգային շահերին դեմ։ 

-Հակառուսական թեզը տանում է նաեւ Հայաստանի իշխող ուժը, այդպես չէ՞։

 -Խնդրում եմ՝ Արցախը մի՛ խառնեք ներքաղաքական պայքարին, հասկանու՞մ եք՝ խեղդամահ է լինում Արցախը։ Ի՞նչ անենք՝ մտնենք ներքաղաքական պայքարի մեջ։ Ձեռքը կտրած, ոտքը կտրած, սիրտը խոցված, աչքը հանած, ռեանիմացիայում վիրավոր ընկած է Արցախը, մեր հայրենիքը փրկել է պետք։ 

Լիա Սարգսյան