Վերջերս Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարարը իր Ջուլֆա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են տեղի ունենում Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրանական կողմը բավականաչափ խոսեց երկաթուղու մասին և անգամ որպես Զանգեզուրյան միջանցքին այլընտրանք առաջարկվեց Նախիջևանի տարածքով երկաթուղու գործունեությունը՝ Հայաստան-Նախիջևան-Իրան երթուղով։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Նրա խոսքով, Իրանը նշում է, որ կողմերի ցանկության դեպքում ապաշրջափակման պայմաններում ենթակառուցվածքային կապ հաստատելու համար ավելի հարմար կլինի այս տարբերակը, սակայն այս պահի դրությամբ կարելի է ենթադրել, որ անգամ բանակցային գործընթացը բավական երկար կտևի։
Իրանական կողմը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ի զորու չէ լուծել արցախյան հիմնահարցը և այս պահին առկա խնդիրները։ Միսակյանը նշեց՝ օրինակ, այս հարցի շուրջ ռուսական կողմի ներկայության մասին որևէ բացասական կարծիք իրանական կողմը չի հայտնել։
«Մինչդեռ Թուրքիայի ներկայությունը ցանկալի չէ և կարելի է ասել, որ Իրանը “խանդոտ” է վերաբերվում Թուրքիայի ներկայությանը, քանի որ տարածաշրջանում Անկարայի դերակատարության բարձրացումը, ինչպես նաև Արցախյան պատերազմին մասնակցությունը ինչ-որ տեղ ստիպում են Իրանին նրան դիտարկել որպես տարածաշրջանի հիմնական մրցակից»,- եզրափակեց Միսակյանը։
Մարիա Զարգարյան