Ադրբեջանի կողմից «խաղաղության» առաջարկը խաբկանք է մեր համար. Սեյրան Օհանյան

Ադրբեջանի կողմից «խաղաղության» առաջարկը խաբկանք է մեր համար. Սեյրան Օհանյան

Վերջին տարիներին և՛ խմբակցության, և՛ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ասած միտքը այսօր հաստատվում է։ Ադրբեջանը 2020թ․ պատերազմից հետո շարունակում է պարտադրանքի լեզվով խոսել ՀՀ նկատմամբ և սա շարունակական է լինելու, քանի որ խաղաղության օրակարգը կեղծ է, խաղաղության օրակարգը ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում, այն խաբկանք է ՀՀ համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետև պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են ճմշման և պարտադրանքի ներքո և այդ օրակարգը միակողմանի օրակարգ է: Մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք ՀՀ նկատմամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառույցներ ունենար և ռազմաքաղաքական իրավիճակը նորմալ ժամանակին գնահատեին, ապա վաղուց կտեսնեին, որ Ադրբեջանի այդ «խաղաղության» առաջարկը խաբկանք է մեր համար։ 

«ՀՀ իշխանությունները ամեն ինչ ուշացումով են անում։ Ալիևը ամեն ինչ անում է իր բանակը հզորացնելու համար, իսկ մեր երկրի ղեկավարությունը խոսում է սպառազինությունների վերացման մեխանիզմի մասին»,- ասաց Օհանյանը։