ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար. Սիմոնյան․ տեսանյութ

ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար. Սիմոնյան․ տեսանյութ

Քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ համագործակցության ուղիները: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով` մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան.
«Նրա աջակցությունը մենք զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հարցը: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն ՀՀ սահմանային դիրքերը, այլ նաև բազմաթիվ բնակավայրեր, քաղաքացիական բնակավայրեր, որի արդյունքում կան մարդկային կորուստներ»,- ասաց Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ` հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազղգային հանրության ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին: «Երախտապարտ ենք ԱՄՆ-ին ջանքերի համար՝ իր միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն հրադադարի համաձայնություն»,- նկատեց Սիմոնյանը:

Ըստ Ալեն Սիմոնյանի ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Նա վստահություն հայտնեց, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի դեմ կիրառած հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ:

Լիա Խոջոյան