ՆԳՆ-ն տուգանային 9 բալը կդարձնի 13 բալ․ ի՞նչ է սպասվում վարորդներին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր վարորդների համար օգտակար նախագիծ ներկայացրեց, որից գուցե տխրեն շատ կարգազանց վարորդներ, բայց կուրախանան քիչ կարգազանցները, որոնց բալերը մանր-մունր, ոչ վտանգավոր խախտումների համար տարվա ընթացքում արագ սպառվում են։
Խոսքը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնության մասին կառավարության առաջարկության նախագծի մասին է, որը դեռ պետք է գնա խորհրդարան՝ ընդունման։
Նախարարի խոսքով՝ սա պետություն-քաղաքացի երկխոսությունից ծնված նախաձեռնություն է, քանզի իրենք վարորդներից են ստացել տարբեր ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող բալային համակարգը, քանզի որոշ իրավիճակներում, որոնք կախված չեն վարորդից, իրենք շատ արագ սպառում են իրենց 9 տուգանային բալն ու զրկվում են վարորդական իրավունքից։
Ըստ այդմ, համաձայն նախագծի՝ առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորներով համակարգի, որը թույլ կտա ավելի ճկունություն ունենալ, և այն իրավախախտումների պարագայում, որոնք կապված չեն անվտանգ երթևեկության կազմակերպման հետ, այս կոնտեքստում քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել։
«Կան կանոններ, որոնք երթևեկության անվտանգության վրա էական ազդեցություն ունեցող են, և այստեղ պետք է պետությունը հստակ դիրքորոշում ունենա՝ չթույլատրելով և չխրախուսելով այսպիսի վարքագիծը։ Ուստի, 9-13 բալային համակարգի անցման պայմաններում մենք քաղաքացիների հետ ունեցել ենք կոնսենսուս, որ այն խախտումները, որոնք անվտանգության բաղադրիչ են պարունակում, էդտեղ որոշակի խստացումներ ենք իրականացնելու, օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակած գոտի դուրս գալը, հեռախոսից կամ ռադիոկապի այլ միջոցներից օգտվելը և այլն։ Այսինքն՝ սրանք այն շեմերն են, որտեղ կարիք կա խիստ մոտեցումը պահպանելու»,- ասաց ՆԳ նախարարը՝ նշելով, որ նախատեսվում է այս նախաձեռնությունն ուժի մեջ մտցնել 2025 թվականի մայիսի 1-ից։
Սա նշանակում է, որ մայիսի 1-ի դրությամբ այն վարորդները, որոնք կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, նրանց մոտ ավտոմատ այս թիվը կդառնա 13 միավոր։
«Ենթադրենք, մեր քաղաքացիների 9 միավորից երկուսը սպառվել է, ավտոմատ մայիսի 1-ի դրությամբ այս թիվը կդառնա 13 միավոր։ Ուզում եմ նշել, որ սա դրական ենթատեքստով նախաձեռնություն է, և չպետք է, բնականաբար, չարաշահվի»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք որոշ խախտումների համար ավելի քիչ բալ է նվազում, սակայն նախարարն ասաց, որ ոչ՝ բալերի նվազում տեղի չի ունենալու, փոխարենը ավելի վտանգավոր խախտումների դեպքում ավելի մեծ չափով բալեր կհանվեն, բայց գաղափարն այն է, որ ընդհանուր բալային շեմն է ավելանալու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պետք է մի բան մտածել, որ մարդիկ ղեկին հեռախոսով չզբաղվեն, որովհետև հատկապես երիտասարդները, ըստ Գրիգորյանի, ոչ միայն հեռախոսով խոսում են, այլ վարելու ընթացքում նաև գրում են, ավելին՝ վարում ու «Ֆեյսբուքում» են լինում միևնույն ժամանակ։
Վահե Մակարյան