Վաղը կմեկնարկի շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան. վարկանիշով ո՞ր տեղում է Հայաստանի հավաքականը

Վաղը կմեկնարկի շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան. վարկանիշով ո՞ր տեղում է Հայաստանի հավաքականը

Հուլիսի 29-ին Հնդկաստանի Չեննայ քաղաքում կտրվի շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մեկնարկը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակիցների թվում չեն Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, որոնց ՖԻԴԵ-ն հեռացրել է իր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերից:

Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 186 երկրների հավաքականներ, ընդ որում Հնդկաստանը որպես օլիմպիադայի կազմակերպիչ, ներկայացված է 3 թիմով:

Հայաստանի հավաքականը շախմատիստների միջին վարկանիշով (2642) 12-րդն է մասնակիցների մեջ: Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը (2771), որի կազմում 2-րդ խաղատախտակի վրա կխաղա Լևոն Արոնյանը:

ՀՀ հավաքականի կազմում հանդես կգան Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Հավաքականի մարզիչն Արման Փաշիկյանն է:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է: Մեր շախմատիստները չեմպիոն են դարձել 2006, 2008 և 2012 թվականներին, 3 անգամ էլ դարձել են բրոնզե մրցանակակիրներ:

Կանանց մրցաշարում մրցանակների համար կպայքարեն 160 երկրների հավաքականներ: Հնդկաստանը կրկին ներկայացված կլինի 3 հավաքականով: Հենց տանտերերի հավաքականն էլ ամենաբարձր միջին վարկանիշն ունի (2486): Հայաստանի հավաքականը 2367 վարկանիշով 9-րդն է: Մեր հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչը Զավեն Անդրիասյանն է: